Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։

Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագծի մեջ նշված է․

Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի  14-ի N 967-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ «Թառ» կամ «Կարմիր Կատար» հրաբուխը ներառելով բնության հուշարձանների ցանկում, ինչը հնարավորություն կտա ներկայիս պայմաններում ապահովել բնության հուշարձանի՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝  պահպանությունը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք գալիք սերունդներին փոխանցումը։