Իմ կարծիքով չկա երաշխիք, որ կառավարության այս ծրագիրն իրականություն է դառնալու։ Խորհրդարանում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ նման եզրահանգման հիմք են տալիս երկրում առկա մթնոլորտը և հասարակական տրամադրությունները։

«Իշխանական լծակներին տիրապետողները նման են զրոյական փորձառություն ունեցող այն երեխաներին, որոնց ինչքան էլ ասում ես՝ չի կարելի հոսանքի հետ խաղալ, միևնույն է, ասածդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ երկաթե ձողով մտնում են վարդակի մեջ։ Նրանք չեն հասկանում, որ հոսանքը վտանգ է ու չեն լսում «մի՛ արա» հորդորը։ Հետո մի լավ հարված են ստանում ու սկսում սարսափել հոսանքից։

Նույնը մեզ մոտ է, ասում ես՝ չի կարելի բանակցային գործընթացին այդպես անլուրջ ու մեծամիտ վերաբերել, չեն լսում։ Հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք ու ամբողջ կյանքում դառնում են պատերազմից սարսափողներ։ Երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ կա՛նգ առեք։ Ասում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունը գնում և երկիրը տանում դեպի նոր ու վտանգավոր ծուղակ։ Այդ ծուղակի էությունը հանրային տրամադրությունների սխալ ընկալումն է և անվերապահ հաղթածի խաբկանք հոգեբանությունը»,-ասաց պատգամավորը։

Արթուր Վանեցյանն իր պարտքն է համարում զգուշացնել, որ հանրային տրամադրությունները շատ ավելի խորն ու ռիսկային են, քան ընտրությունների թվային արդյունքները։