«Խաչատուր Սուքիասյանը դեռ դատարանում բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի, որովհետև Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանը երեկ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը դիմելու է դատարան՝ իր բարի համբավին հասցրած վնասը փոխհատուցելու և ներողություն խնդրելու պահանջով»,- այսօր «Հայելի»-ում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Սերժ Սարգսյանի հասցեին երեկ և այսօր ԱԺ-ում հնչեցրած մեղադրանքներին:

«Ես էլ հարցեր ունեմ: Հարգելի լրագրողներ, մի օր որ տեսնեք Խաչատուր Սուքիասյանին՝ հարցրեք. դիմե՞լ ես Սերժ Սարգսյանին անձնական խնդրանքով, որը գտնվել ա Արմեն Աշոտյանի՝ այն ժամանակ պաշտոնեական լիազորությունների տիրույթում: Հետո քեզ ուղարկե՞լ են Արմեն Աշոտյանի մոտ, որ այդ խնդրովդ զբաղվի: Հետո Արմեն Աշոտյանը օրենքի շրջանակներում օգնե՞լ ա քեզ էդ հարցը լուծել: Հետո դու շնորհակալ եղե՞լ ես: Հետո հրավիրե՞լ ես ինձ ձեր տուն հաց ուտելու»,- այս և մի շարք այլ հարցեր ուղղեց նա Խաչատուր Սուքիասյանին՝ շեշտելով, որ անբարոյականությունն ու քաղաքական շահն էլ պետք է սահման ունենան:

«Ու էսքանից հետո դուք Ձեզ թույլ եք տալիս բարձրանալ բեմ, ինտերվյուներ տալ ու Սեր Սարգսյանի բոթասների մասին խոսե՞լ»,- շարունակեց Աշոտյանը:

«Ես դեռ չեմ խորանում այն բանի մեջ, որ Դուք այսօր Միքայել Մինասյանին էիք ակնարկում: Ինձ կասե՞ք՝ Դուք 90-ականներին ո՞նց եք հարստացել, ու՞մ հետ բարեկամական կապի շնորհիվ: Ես ուսանող եմ եղել. մենք երանի էինք տալիս 1000 դրամ ունենայինք և գայինք Ձեր «Պիցցա դի Ռոմա»-ում գարեջուր խմենք: Ի՞նչ եք ասում: Մենք դեռ չենք մեռել, իմ սերունդը դեռ չի մահացել, Դուք ու՞մ եք խաբում»,- եզրափակեց Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով, որ չի կարելի մոռանալ հացը, ջուրը, շփումը, շնորհակալությունը: