Երեկվանից  Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է, ինչո՞ւ չեք կրակում, ես հարցնում եմ ՊՆ նախարարին, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով  Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատվածում տիրող իրավիճակին:

«Ինձ երեկ զանգահարել էին քաղաքացիներ, ովքեր գերեվարվել էին Կապան-Գորիս ճանապարհին, և  նրանք տեսնում էին, թե ինչպես են ռուս խաղաղապահները հայ սահմանապահների հետ միասին բանակցում ադրբեջանցի սահմանապահների հետ և զրո արդյունք: Մարդիկ ասացին, որ մոտ 40 մեքենա է գտնվում Ադրբեջանի գերության մեջ, որից  մոտավորապես 25-ը մարդատար մեքենաներ են, ընդ որում, մեքենաներում եղել են նաև երեխաներ:

Բարեբախտաբար բանակցությունները ավարտվեցին նրանով, որ ռուս  խաղաղապահների ուղեկցությամբ մի քանի տասնյակ մեքենաների շարասյունը դուրս հանվեց գերությունից, բայց ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Դրան զուգահեռ այսօր ևս մեկ ճանապարհ է փակվել, մտահոգիչ  տեղեկություն ստացանք, որ Որոտան գյուղը հացի խնդիր ունի, և հացը մատակարարվում է ռուս խաղաղապահների կողմից, բայց այս տեղեկատվությունը ես դեռ պետք է ճշտեմ: Այնպես որ, սա է մեր իրականությունը»,- հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նախկին պատգամավորի՝ չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածի փակումը կարող  է հերթական սադրանքը լինել մեկ այլ տեղ մեկ այլ գործողություն անելու համար:

«Քանի որ մեր պաշտոնական աղբյուրները համառորեն լռում են, և մեր ԱԱԾ-ն խորհուրդ է տալիս հետևել միայն պաշտոնական լրահոսին, ուրեմն հետևենք պաշտոնական լրահոսին:

Ես հիշում եմ պաշտպանության նախարարի հայտարարությունը. «Անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը»։ Երեկվանից  Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է, ինչո՞ւ չեք կրակում, ես հարցնում եմ ՊՆ նախարարին»,- շարունակեց  Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն չի փոխվել Ադրբեջանի հռետորաբանությունը, այլ ընդհակառակը՝ վերջին շաբաթներին ավելի է ռազմականացվել, ավելի է սաստկացել ու ցինիկացել:

«Մենք ունենք զրոյական տեղեկատվություն, ինչպես ունեինք զրոյական տեղեկատվություն պատերազմի ժամանակ: Երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր նոր ԱԳ նախարարին, նշեց, որ մեզ պետք է ԱԳ նախարարություն, որը կկիսի քաղաքական պատասխանատվություն առաջիկա մարտահրավերներին: Ես հիմա ուզում եմ ասել իմ նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանին, որ հիմա ճիշտ ժամանակն է առաջիկա մարտահրավերները հանրությանը ներկայացնել, որպեսզի մենք իրազեկվենք և պատրաստ լինենք կիսել և պատասխանատու լինել առաջիկա մարտահրավերների համար»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԱԱԾ-ից, ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: