Ադրբեջանի ռազմավարական նպատակը Զանգեզուրի միջանցքն է Գորիս-Սիսիանով, դրա համար նրանք ճանապարհ էլ կփակեն, ճնշումներ էլ կգործադրեն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

Նրա փոխանցմամբ՝ իրավիճակը կանխատեսելի էր ոչ միայն իշխանության, այլև փորձագիտական շրջանակի համար, քանի որ ադրբեջանական կողմի նպատակը Սյունիքի հայաթափումն է։

«Այդ նպատակը ոչ միայն Ադրբեջանի կողմից է դրված, այլև Հայաստանի այսօրվա իշխանության կողմից։ Դրա համար էլ թույլ տվեցին, որ ադրբեջանական զորքերը մոտենան Խորհրդային Հայաստանի սահմաններին, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկար, և հայկական դիրքերը շատ ավելի առաջ էին գտնվում»,-նշեց Արմեն Մանվելյանը։

Փորձագետի խոսքով այլընտրանքային ճանապարհը հարցի լուծում չէ։ Եթե անգամ այդ այլընտրանքային ճանապարհները լինեն, սահմանամերձ բնակչության գոյության, անվտանգության հարցը գլոբալ առումով չի լուծվի։ Ըստ Արմեն Մանվելյանի՝ ադրբեջանական կողմն անընդհատ լարվածության մեջ է պահելու սահմանամերձ գյուղերը, գնդակոծելու է և ստիպելու, որ հեռանան։

«Գործող իշխանությունը քայլ առ քայլ գնացել է այս անպաշտպան ու անորոշ վիճակին։ Սա պատերազմի հետևանքը չէ։ Պատերազմի հետևանքով ստորագրված փաստաթղթի համաձայն՝ զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ գտնվում էին այդ պահին, բայց անգամ այդ պայմանը չկատարվեց։ Պարզ էր, որ ադրբեջանցիները հասնելու են հայկական գյուղեր ու քաղաքներ, թիրախավորելու են ճանապարհները։ Ռուս խաղաղապահը ոչինչ չի կարող անել։ Կարող են ժամանակավոր ինչ-որ հարց լուծել, ինչպես երեկ 40 մեքենաները հանեցին շրջափակումից, բայց ինչ կլինի հետո։ Պարզ է՝ դա պարբերաբար բնույթ է կրելու»,-ասաց Արմեն Մանվելյանը։

Հարցին՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի ՊՆ-ն, փորձագետը նկատեց՝ մենք չունենք ՊՆ, միայն հնչում են փորձագետի կարծիքով մեկը մյուսից ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններ։ Արմեն Մանվելյանի խոսքով իշխանությունները գաղափար չունեն՝ ինչպես պետք է այս հարցերը լուծեն։

«Մարդիկ խաղաղության մասին հիմար լոզունգներով այս երկիրը տանում են հերթական կապիտուլյացիայի։ Ադրբեջանի քայլերը հստակ և հաշվարկված են։ Ադրբեջանը հենց այնպես ոչինչ չի անում, այդ թվում նաև այս ճանապարհը փակելը։ Ադրբեջանը հայկական կողմին ստիպում է հերթական կապտուլյացիոն, խաղաղության պայմանագիրը ստորագրել, որի արդյունքում ևս տարածքներ են զիջելու Ադրբեջանին»,-նշեց փորձագետը։

Արմեն Մանվելյանը կարծում է, որ նույնիսկ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու դեպքում, եթե միջազգայնորեն ճանաչված սահման լինի, ի՞նչ պետք է անի հայկական կողմը, եթե ադրբեջանական կողը խախտի այդ ճանաչված սահմանն ու մտնի հայկական տարածք։ Նրա խոսքով նույն իրավիճակն է լինելու։

«Վրաստանն ու Ադրբեջանն արդեն 25 տարի է զբաղված են դելիմիտացիայով ու դեմարկացիայով և մինչև հիմա չի ավարտվել, ի՞նչ են կարծում՝ մենք Ադրբեջանի հետ 1 տարում կարո՞ղ ենք դա լուծել։ Եթե լուծեցին էլ, պատկերացրեք Ադրբեջանի ցանկացած գծով գծեցինք նրանց ուզած սահմանը, կարծում եք դրանից հետո Ադրբեջանը չի՞ խախտի, չի՞ կրակի, մարդկանց չի՞ առևանգի։ Նույն գործընթացը շարունակվելու է, ոչինչ չի փոխվելու»,-ասաց Արմեն Մանվելյանը։

Ադրբեջանի նպատակը Զանգեզուրի միջանցքն է և շատ լավ գիտի՝ ինչպես է դրան հասնելու։ Եթե պետք լինի ճանապարհներ էլ կփակի, ճնշումներ էլ կգործադրի, մասնավորապես եթե Մոսկվայում փոխվարչապետների մակարդակով եռակողմ բանակցություններ են ընթանում։ Ադրբեջանի նպատակը միայն Զանգեզուրի միջանցքն է և նրանք այլ ճանապարհ չեն բացելու։

«Կոմունիկացիաների ապաշրջափակման մասին մնացած խոսակցություններն ապարդյուն են։ Այլ ճանապարհներ չեն բացվելու, չեն գործելու։ Ադրբեջանն ուղղակի դա թույլ չի տա»,-ասաց փորձագետը։