Բելառուսի նախարարների խորհուրդը վեց ամսով արգելել է երկրից հացահատիկի, այդ թվում՝ ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկացորենի, կորեկի, տրիտիկալեի, այլ հացահատիկային ապրանքների, ինչպես նաեւ ռապսի սերմերի արտահանումը: Այս մասին ասվում է ազգային իրավական ինտերնետային պորտալի հաղորդագրության մեջ:

Արգելքը կանդրադառնա նույնիսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վրա, ընդ որում՝ դա կախված չէ հացահատիկի ծագումից: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 27-ից եւ կտեւեն վեց ամիս:

Այս միջոցները չեն առնչվի այն ապրանքներին, որոնք նախատեսված են օտարերկրյա պետություններին հումանիտար օգնություն տրամադրելու համար, ինչպես նաեւ հանրապետության տարածքով անցնող միջազգային տարանցիկ փոխադրումներին: Այս որոշման պատճառները չեն նշվում: