«Այս պահի դրությամբ ճանապարհները փակ են, սակայն բանակցությունների հետ կապված տեղեկատվության չեմ տիրապետում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Իրավիճակը մտահոգում է բոլորիս, քանի որ այս պահի դրությամբ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան բնակավայրերն արտաքին աշխարհի կապի հետ կապված որոշակի խնդիրներ ունեն։ Այլընտրանքային ճանապարհները դժվարանցանելի են, անհրաժեշտ է այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,-նշել է նա։

Յոլյանի խոսքով՝ Բարձրավանում ու Շուռնուխում այսօր հացի խնդիր է եղել, իսկ Որոտանում այդ խնդիրը մասամբ լուծվել է։

«Հույս ունենք՝ այս խնդիրը հնարավոր կլինի արագ հանգուցալուծել, որպեսզի սննդի խնդիրը լուծում ստանա։ Անընդհատ կապի մեջ եմ վարչական ղեկավարների հետ, Բարձրավան և Շուռնուխ հաց տեղափոխելու հնարավորություն չկա»,-ամփոփելով խոսքն ասել է նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա և հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։ Այս պահին Կապան-Գորիս ավտոմայրուղին Որոտան գյուղի մոտից փակ է, Կապանի քաղաքապետի հաղորդմամբ՝ բանակցություններ դեռ չեն ընթանում, դրանք նախատեսվում են այսօր ավելի ուշ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։