«Նիկոլ Փաշինյանը մեզանից ստացել է այնպիսի բանակցային ժառանգություն, որը թույլ է տվել Հայաստանին ամուր կանգնել իր դիվանագիտական բանակցային դիրքերի վրա, ձևակերպել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշմանը համահունչ օրակարգ և երբեք չմեղադրվել ոչ կառուցողականության մեջ»,- այս մասին այսօր «Հայելի»-ում հրավիրված ասուլիսում, անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա հիշեցրեց, որ արդիականացման ծրագրերը բանակում սկսվել էին դեռևս ՀՀԿ-ի օրոք: «Իսկ նրանք փոխեցին գնումների ծրագիրը, գնեցին խաղալիք ՍՈՒ-եր՝ առանց սպառազինության, ներկված հորդանանյան «Օսեր»: Աղբ գնեցին և պարծենում են բյուջեից ծախսված գումարներով: Ի՞նչ կա անօդաչու թռչող սարքերի գնելումներից»,- հեռակա հարց ուղղեց նա իշխանությանը:

«Ենթադրվում էր, որ կարգավիճակի հարցը կլուծվի նրա բնակիչների ազատ կամարտահայտմամբ: Պետք է երեք փաստաթուղթ լիներ: Այս մասին «Արմնյուզին» տված հարցազրույցում խոսել է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև Մարիա Զախարովան: Երեք փաստաթուղթ` հայ-ադրբեջանական, համանախագահների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը: Իսկ հիմա նա հայտարարում է, որ ադրբեջանցիների քսան ու մի քիչ տոկոս կար: Կամ չգիտի, կամ ստում է»,- շարունակեց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ 1991 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղում անցկացվեց անկախության հանրաքվե, ԽՍՀՄ վերջին մարդահամարի տվյալներով, ադրբեջանցիների 21%-ը բնակվում էր ԼՀ-ում: «Անկախության վերաբերյալ առաջին հանրաքվեն անցկացվեց, երբ այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում: Սա ազդե՞լ է հանրաքվեի արդյունքի վրա: Ո՛չ։ Արցախը հռչակվեց անկախ, քանի որ քվեարկության գնաց հայ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 70%-ը: Ադրբեջանցիները բոյկոտեցին քվեարկությունը, հայերը քվեարկեցին»,- հիշեցրեց Աշոտյանը՝ խորհուրդ տալով վերընթերցել փաստաթղթերը:

Բանակցային գործընթացում անկլավների հարց երբեք չի եղել: «Կարող եմ ասել 2008 թվականի ժամանակահատվածի մասին: Վստահ եմ, որ երկրորդ նախագահի թիմը նույնը կհաստատի մինչև 2008 թվականի Ժամանակահատվածի մասին: Իսկ հիմա դա անում եք Սյունիքի հետ: Անկլավը միայն աշխարհագրական հասկացություն չէ: Եթե ​​չկա հաղորդակցություն, դա նույնպես անկլավ է»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:

Մեզ ղեկավարում է մի մարդ, ում «բարի» անունը պաշտպանում են Ալիևի կինը և Ալենը, ով ամեն անգամ տալիս է զանգը, երբ արտասանում են «կապիտուլյանտ» բառը»,- արձանագրեց Աշոտյանը: