ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․ «Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել:

Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝  երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը:

Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե ինչ պետք է անել ու հրատապ անել. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:

Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ:

Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ և նրանց ջանքերով քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել:

Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել:

Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»: