Քրեական ոստիկանության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ` Կոտայքի մարզի Քասախ համայնքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես եւ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ:

Քասախ համայնքի ղեկավարը նախապես պայմանավորվել է մի քաղաքացու հետ` Քասախում ընդհանուր 9600 քմ մակերեսով հողատարածքը մեկ քառակուսի մետրը 15 դոլարով ձեռք բերելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարը եւ նրա հետ նախնական համաձայնության եկած համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, ընդհանուր 144 հազար դոլարին համարժեք 59 միլիոն դրամից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ եւ օգտագործելով պաշտոնեական դիրքը, խախտել են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջները եւ որպես աճուրդի կազմակերպիչ, աճուրդների մասին հրապարակային ծանուցում չեն ներկայացրել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք` հնարավոր այլ շահառուների զրկելով աճուրդներին մասնակցելու իրավունքից:

Հետո փաստացի չկայացած աճուրդների վերաբերյալ կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող՝ հողամասերն իբր աճուրդով վաճառելու վերաբերյալ 12 արձանագրություն, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառել աճուրդների անցկացման, տարբեր անձանց մասնակցության եւ կատարված քայլերի վերաբերյալ ու դրանց հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող՝ 9600 քմ մակերեսով հողատարածքների վաճառքը ձեւակերպել են մեկ քառակուսի մետրն ընդամենը 2900 դրամով՝ ընդհանուր 28 միլիոն դրամով: Այդ կերպ նրանք յուրացրել են գնորդի կողմից կանխիկ եղանակով իրենց վստահված 59 միլիոն դրամից առանձնապես խոշոր չափերի` 31 միլիոն դրամը։

Բացի այս, կիրառելով նույն մեխանիզմը, Քասախի համայնքային սեփականություն հանդիսացող՝ 800 քմ մակերեսով հողատարածքը համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետին օտարվել է մոտ երկուսուկես միլիոն դրամով, իսկ վերջինս էլ, այն բաժանելով երկու մասի, անցած տարվա հունիս եւ օգոստոս ամիսներին առուվաճառքի պայմանագրերով դրանք վաճառել է համապատասխանաբար` չորս միլիոն եւ ութ միլիոն 730 հազար դրամով, ինչի հետեւանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 10 միլիոն դրամի էական վնաս, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Դեպքերի առթիվ քրեական ոստիկանության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: