ԱՄՆ զինվորականները պետք է անհապաղ պատվաստվեն COVID19-ի դեմ, ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ հրամայելով զինված ուժերի ղեկավարներին «պատվաստումների ներդրման հավակնոտ ժամկետներ սահմանել»:

Պենտագոնի տվյալներով՝ պետք է պատվաստվի դեռ ավելի քան 800 հազար զինվորական: Այժմ, երբ Pfizer պատվաստանյութը ստացել է FDA-ի ամբողջական հաստատումը, Պաշտպանության նախարարությունն այն ավելացրել է այն պարտադիր պատվաստումների ցանկում, որոնք զինվորները պետք է ստանան իրենց զինվորական ծառայության ընթացքում:

Օսթինի ծառայողական նամակում, որը ստացել է Associated Press-ը,պատվաստումների ավարտի կոնկրետ ժամկետներ չեն նշվում:
Պաշտպանության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Օսթինը հստակ հասկացրել է ծառայություններին, որ ակնկալում է, որ նրանք արագ կգործեն, եւ որ դա կարվի շաբաթների, այլ ոչ թե ամիսների ընթացքում:

«Բժիշկների եւ ռազմական ղեկավարների հետ մանրակրկիտ խորհրդակցություններից հետո եւ Նախագահի աջակցությամբ ես սահմանեցի, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պարտադիր պատվաստումն անհրաժեշտ է զինված ուժերի պաշտպանության եւ ամերիկացի ժողովրդի պաշտպանության համար»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: