Մեծ Բրիտանիայում 80-ամյա հոգեւորական Դեյվիդ Բիթերը մանկապղծության համար դատապարտվել է չորսուկես տարվա ազատազրկման: Նա նախկինում 25 տարի ծառայել է Անգլիայի եկեղեցում՝ չնայած նման հոդվածներով դատվածությանը, հաղորդել է BBC-ն:

Նա ծառայությունից հեռացվել է 1985 թվականին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մեղավոր է ճանաչվել 13-ամյա տղայի պղծման մեջ: Չնայած այս միջադեպին, շուտով հոգեւորականին թույլ է տրվել կրկին ծառայել նույն թեմում մինչեւ 2010 թվականը: Ներքին հետաքննության արդյունքում Անգլիայի եկեղեցին բացահայտել է ծառայության վերականգնման կարգի խախտում, սակայն 1980-ականներին եւս երկու տղայի նկատմամբ բռնության դրվագները հայտնի են դարձել իրավապահ մարմիններին միայն 2017 թվականին:

«Այս գործով բացահայտված փաստերը հարց են առաջացնում, թե ինչպես են կայացվել Դեյվիդի ծառայության վերսկսման վերաբերյալ որոշումները», — հայտնել է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Ռոչեսթերի թեմի եւ Քենթերբերիի արքեպիսկոպոսության համատեղ հայտարարությունը: