Օկուպացված հյուսիսային Կիպրոսում թուրքական անօդաչու թռչող սարքերի ավիաբազան մտահոգում է հարեւան երկրներին, որոնք այն դիտարկում են որպես անկայունության լրացուցիչ գործիք անհանգիստ արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, գրում է AP-ն:

Կիպրոսի կառավարությունը անօդաչու թռչող սարքերի տեղակայումը դիտարկում է որպես «ընդլայնման ծրագրին» հասնելու միջոց` ռազմական միջոցների օգտագործմամբ վերահսկողություն հաստատելու այն տարածաշրջանի վրա, որը բնական գազի զգալի պաշարների պոտենցիալ ունի:

Օկուպացիայից ի վեր Թուրքիան ծանր սպառազինություններ եւ ավելի քան 35 000 զինծառայող է տեղակայել Կիպրոսի հյուսիսում: Բայց անօդաչու թռչող սարքերի տեղակայումը հարվածներ հասցնելու ավելի լայն հնարավորություններ է տալիս Թուրքիային՝ ավելացնելով տարածաշրջանում անհանգստությունը:

Կիպրոսի անջատողական առաջնորդ Էրսին Թաթարը ավելի վաղ պարծեցել էր, որ «Լեֆոնիկո» ավիաբազայից Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը կարող են շատ ավելի արագ գործարկվել, քան Թուրքիայի ցամաքային բազաներից՝ մինչեւ Եգիպտոսի ափերը «տարածաշրջանին հետեւելու» համար:

«Բազան, Կիպրոսի, Լիբիայի եւ Միջերկրական ծովի այլ միջոցների հետ մեկտեղ, միայն ավելի է ապակայունացնում տարածաշրջանը: Սա տագնապալի է»,- Associated Press-ին ասել է եգիպտացի դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով: «Սա ամրապնդում է այն տեսակետը, որ Թուրքիային հայտարարությունները չեն զսպի, այլ համապատասխան երկրների կողմից գործողություններ են անհրաժեշտ»,-ասել է նա:

Անօդաչու թռչող սարքերը 2019 թվականի դեկտեմբերին ուղարկվել են հյուսիսային Կիպրոս՝ ի պատասխան Կիպրոսի կառավարության լիցենզավորած միջազգային էներգետիկ ընկերությունների կողմից նավթի եւ գազի որոնման: Թուրքիան պնդում է, որ Կիպրոսի հարավային ափերի հետախուզությունը «անտեսում է» իր իրավունքները եւ Կիպրոսի թուրքերի «իրավունքները» այդ տարածքում ածխաջրածնային պաշարների նկատմամբ:

Թուրքիան ածխաջրածինների սեփական որոնումներ է իրականացրել այն ջրերում, որոնց հանդեպ հավակնություններ ունեն Կիպրոսն ու Հունաստանը: ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ որպես միջազգային իրավունքի եւ Կիպրոսի ու Հունաստանի ինքնիշխան իրավունքների խախտում:

Առնվազն երկու Bayraktar TV2 անօդաչու սարք է տեղակայված «Լեֆոնիկո»-ում: Ունենալով թռիչքի 200 կիլոմետր հեռահարություն եւ 6100 մետր բարձրություն՝ անօդաչու թռչող սարքերը կարող են կրել զենք եւ վերահսկման սարքավորումներ, որոնք ունակ են իրական ժամանակի պատկերներ հասցնել թուրքական ռազմածովային նավերին:

Հաղորդվում է, որ Թուրքիան արդիականացնում է իր Bayraktar արբանյակային թիրախավորման համակարգերը` դրանց գործողության տիրույթն ավելի ընդլայնելու համար: AP-ի ձեռքն ընկած հետախուզական զեկույցում ասվում է, որ ավիաբազան արդիականացվում է՝ լրացուցիչ անօդաչու թռչող սարքերի, հսկիչ ինքնաթիռների, ուսումնական ինքնաթիռների եւ ժամանակակից կործանիչների պլանավորված տեղակայման համար:

Իսրայելի պաշտոնյաները, ըստ երեւույթին, այդ բազան չեն դիտում որպես ուղղակի սպառնալիք եւ հրաժարվել են մեկնաբանել այդ հարցը: Նախկինում նրանք դեմ էին տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ գործողություններին:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթը անցյալ ամիս հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը «խոր մտահոգությամբ հետեւում է Թուրքիայի վերջին միակողմանի գործողություններին» Հյուսիսային Կիպրոսում եւ իր «համերաշխությունն ու լիակատար աջակցությունն» էր հայտնել Կիպրոսի կառավարությանը:

Թեեւ Իսրայելը ձեռնպահ է մնում պաշտոնական մեկնաբանություններից, Իսրայելի Տարածաշրջանային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Գաբրիել Միտչելն ասել է, որ անօդաչու թռչող սարքերի բազան «տագնապալի իրադարձություն է, որը կխորացնի Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը»:

Ըստ Միտչելի, Իսրայելը փորձում է հավասարակշռել Հունաստանին եւ Կիպրոսին իր աջակցությունը` Անկարայի հետ «երկխոսության դուռը բաց» պահելու ջանքերով:

Բայց Թուրքիայի կողմից անօդաչու թռչող սարքերի բազայի ընդլայնումը խնդրահարույց է, քանի որ դա կխորացնի տարածաշրջանային գործընկերների, մասնավորապես Հունաստանի եւ Կիպրոսի խնդիրները, եւ «անվտանգության նկատառումների նոր փաթեթ կառաջացնի արդեն իսկ գերբնակեցված Միջերկրական ծովի արեւելքում»,- ասել է վերլուծաբանը: