Այսօր Ազգային ժողովում իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձավ «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանի ելույթին և նշեց․«Ինքն ասում է՝ ներկայացրել է փաստեր, բայց միշտ պահպանել է անմեղության կանխավարկածը, բա հիմա Էրդողանին ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ։ Սիրուն ես խոսում էլի, հո ժխտելու չի, բայց դատարկ ա մեջը, ախպեր»,–ասաց նա։

Պատգամավորն ասաց, որ ընդդիմությունն ամեն ինչ բացասական ֆոնով է ներկայացնում։ «Նախկին ընտրությանը ինձ շատ մոտ մարդիկ մեզ ասում էին՝ գիտենք, որ դուք հաղթելու եք մենք ձայնը տալիս ենք «Լուսավոր Հայաստանին», որ դուք այդտեղ «չհաբրգեք», այդպիսի դեպքեր էլ եղել, նշանակու՞մ է նրանք դեմ էին մեզ։ Հիմա էլ նույնը այստեղ է»,–ասաց նա։

Հովիկ Աղազարյանն ասաց, որ Ազգային ժողովում պատգամավորները ծանոթանում են նաև իրար հետ։ «Շատերին ճանաչում ենք, գնահատում են, մեկի խոսքից ազդվում ենք, մեկի խոսքը ցավով նույնիսկ հավանում ենք, քանի որ չէի ուզի որ ինքը այդ խելոք բաները ասեր, կուզեի իմ ընկերը կամ ես ասեի»,–ասաց նա և ներկայացրեց, թե ումից է ազդվում և համարում վտանգավոր։

«Առաջին հայացքից կթվա, թե Աննա Մկրտչյանը մեզ շատ է խանգարում, բայց ես այդպես չէի ասի, որովհետև Աննա Մկրտչյանը երիտասարդ է, ցավով է ապրում այն կորուստները, որ մենք ունեցել ենք, և զգացմունքային ֆոնի վրա, թող ների ինձ նա, երբեմն–երբեմն թույլ է տալիս ավելորդություններ։ Ես վտանգավոր համարում եմ Տիգրան Աբրահամյանին, նա և՛ ներկայանալի է, պատրաստած, և՛ շատ բան գիտի,  և՛ սադիստի համառությամբ միտք է ասում, որ վարչապետը ստորագրեցիք եռակողմ պայմանագիրը, հետո պարզվեց հողեր տվեց, որ չկար գրված»-,ասաց նա և նշեց, որ վեցերորդ կետում գրված է այդ ամեն ինչը։