ԱԺ-ում այս իրավիճակն անդադար շարունակվելու է, որովհետև իշխող ուժն առաջարկելու ոչինչ չունի՝ բացի վնասելուց, երբ լսում է քննադատությունները, իրենք ջղագրգռվում ու լարում են իրավիճակը, հասցնում այս վիճակին, այսինքն՝ բուն քննարկումներից դուրս են գալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Ղազինյանը և պատերազմում նահատակված զինծառայողի հայրը՝ Գեղամ Նազարյանը, որը տեղափոխվել էր հիվանդանոց։

Գեղամ Նազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ բժշկական կենտրոնում պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվել, բարեբախտաբար լուրջ խնդիրներ չկան, ուղղակի ժամանակ է անհրաժեշտ՝ վերականգնվելու համար։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում տիրող մթնոլորտին, Նազարյանը նշեց, որ այս իրավիճակն անդադար շարունակվելու է, որովհետև լուծում չունի։

«Մյուս կողմը, բնականաբար, չի մոռանալու այն, ինչ արել են այս գործող իշխանությունները, չի լռելու, նրանք էլ հակադարձելու ոչինչ չունեն, բացի այն, որ հիշեցնում են, որ անցյալում կոռուպցիա է եղել և իրենց ձախողումը բացատրում են անցյալում եղած կոռուպցիայով։ Պարզունակ վիճակ է շատ, որը կարող է լուծվել այն ժամանակ, երբ կառավարող ուժի խմբակցությունն արմատապես փոխի իր մոտեցումն իրավիճակի նկատմամբ, ինչը, չեմ կարծում, որ իրենք անեն»,- նշեց Նազարյանը՝ հավելելով, որ ,եթե չանեն, նույնը շարունակվելու է՝ մեկ սուր քննադատություն, մեկ սուր հարցադրում, իրենք ջղագրգռվում են և հնչում են հայհոյանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ, գլուխ ջարդել և այլն։

«Այս իրավիճակին չկա լուծում, արտահերթ ընտրություններն իր տրամաբանության մեջ նրա համար էին, որ այս իրավիճակից ելք լիներ, դրա համար այն քաղաքական ուժը, որը ղեկավարում է այդ մարդը ( Փաշինյանը հեղ.) չպետք է ընդհանրապես մասնակցեր ընտրություններին, առավել ևս՝ չպետք է նորից ձևավորեր կառավարություն։ Եղավ այն, ինչ ունենք։ Սա շարունակվելու է»,- նշեց Նազարյանը։

Հարցին՝ արդյոք ԱԺ դահլիճում տեղի ունեցածը կազմակերպվա՞ծ ակցիա էր, Նազարյանը նշեց, որ դա միանշանակ կազմակերպված էր, նախապես մշակված՝ դերաբաժանումներով։

«Գիտեք, երբ դու կառավարող ուժ ես, իրենց ասելով՝ վայելում են ժողովրդի մեծամասնության քվեն, թեև դա այդպես չէ, բայց իրենք ասում են, որ ունեն մեծամասնություն, ժողովուրդը ձայն է տվել, պարբերաբար շահարկում են ժողովուրդ բառը, իրենք պետք է իրենց այնպես բարձր պահեն, ուժեղ, որ ամենասուր քննադատությանը նման ջղաձիգ արձագանքներ չտան, բայց այնպես են պահում իրենց, կարծես թե իրենք են ընդդիմությունը, մենք ենք կառավարող խմբակցությունը»,- նշեց Նազարյանը։