«Էդ խայտառակությունը մեկնաբանելու բան չկա, թույլ տվեք զերծ մնամ այդ ամենի մասին խոսելուց», -«Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը արձագանքելով այսօր խորհրդարանում կատարվածի մասին կարծիք հայտնելու մասին մեր խնդրանքին:

Աբովյանն ասաց, որ խորհրդարանում կատարվածը մեծ վիրավորանք է հայ հասարակության հասցեին:

«Ես էնքան հիասթափված եմ այս ամեն ինչից և չեմ ուզում հիմա ավելորդ անգամ կրքեր բորբոքել: Կատավածի մասին իհարկե, ունեմ իմ ուրույն կարծիքը, բայց հասկանում եմ նաև հետևյալը՝ այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև և այն իրավիճակը, որը տեղի է ունենում Ազգային ժողովում, տարբեր աշխարհ են: Չգիտեմ, խորագույն հիասթափություն եմ ապրում», հավելեց նախկին պատգամավորը:

Նկատենք, որ այսօր խորհրդարանում կառավարության գործունեության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ ընդդիմադիր և իշխանական պատգամավորները անհանդուրժող էին միմյանց նկատմամբ և միմյանց հասցեին մեղադրանքները ընդունում էին հայհոյանքներով, միմյանց ուղղությամբ ջրի շշեր նետելով:

Մասնավորապես, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ելույթում հայտարարել էր, որ պաշտպանության այն նախարարները, որոնց ժամանակ զանգով բանակից ազատավել են, դավաճաններ են: ԱԺ դահլիճում նստած նախկին նախարար Սեյրան Օհանյանը հավանաբար այդ քննադատությունն ընդունեց իր հասցեին և ջրի շիշը նետեց Սարգսյանի ուղղությամբ, ինչն էլ մեծ իրարանցում առաջացրեց դահլիճում: