Հետազոտությունները մեկ ժամ առաջ ավարտվեցին. տանն եմ հիմա, բարեբախտաբար, ծանր հետևանքներ ուղեղի և աչքի անոթների համար չկան, աչքիս հետ կապված խնդիր կա, բժիշկներն ասացին՝ երկու օրից հարվածի ուժը որ անցնի, այդ հետևանքներն էլ կվերանան:: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը խորհրդարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ հարված էր ստացել, որից հետո տեղափոխվել էր հիվանդանոց:

Պատգամավորը հայտնեց, որ իրենց իշխանական պատգամավորներից մեկը դիտավորյալ ու նպատակային է իրեն հարվածել:

«Ինձ միտումնավոր են բռունցքով հարվածել: Մի քանի հոգի իրար գլխի լցված էին, շատ մեծ ջանքեր գործադրելով՝ պոկում էի միմյանցի, մեկին պոկելուց հետո երբ շարժվեցի մյուսների ուղղությամբ, մեկը միտումնավոր հարվածեց: Անկեղծ ասած, հարվածողի դեմքը լավ հիշում եմ, բայց անուն-ազգանունը չգիտեմ: Ընդ որում, ինքը դեմ դիմաց ինձ նայեց ու հարվածեց, ես չէի սպասում, որ կանի նման բան, որ իմանայի, գոնե ինձ կպաշտպանեի, բայց, փաստորեն, նման բաներ էլ են լինում: Հարվածելու ընթացքում պատգամավորների մի մասը փորձում է կանխել՝ բռնում են իրար, քաշքշում, բայց նաև մտածված գալիս, հարվածում են »,- նկատեց պատգամավորը:

Գեղամ Նազարյանը հայտնեց, որ առաջիկա երկու օրը ԱԺ նիստերին չի կարողանալու մասնակցել, քանի որ բժիշկները խորհուրդ են տվել առնվազն երկու օր տանը մնալ, կազդուրվել, որպեսզի տեսողական խնդիրները վերանան: