«Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու հարցով տեխնիկական աջակցության համար դիմել են Թուրքիային՝ պայմանով, սակայն, որ թուրքական զինված ուժերը մյուս երկրների զինուժի նման մինչև օգոստոսի վերջ կլքեն Աֆղանստանի տարածքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Reuters-ին հայտնել են երկու թուրք պաշտոնյա: Լրատվական գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ այս առաջարկը դժվար ընտրության առաջ է դրել թուրքական կողմին: Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, Աֆղանստանում իրականացվող առաքելության շրջանակում դեռևս զինվորականներ ունի Քաբուլի օդանավակայանում, որոնք պատրաստ են առաջիկայում լքել այն:

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է աֆղանական կողմի ցանկության պարագայում պահել ներկայությունն օդանավակայանում:

Աֆղանստանում թալիբների կողմից վերահսկողություն հաստատելուց հետո Թուրքիան օդանավակայանում տեխնիկական ու անվտանգային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնել:

«Թալիբանը»-ը դիմել է Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու նպատակով տեխնիկական օգնություն տրամադրելու հարցով»,- հայտնել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան՝ նշելով, սակայն, որ թուրքական զորքերի դուրսբերումը բարդացնում է նման առաքելության հնարավորությունը՝ հաշվի առնելով անվտանգային ռիսկերը:

Բարձրաստիճան մյուս պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ մինչև օգոստոսի 31-ը թուրքական կողմը որոշում կկայացնի: