Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

Ուսումնական առկա գործընթացը կուղեկցվի ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն: Ըստ այդմ` ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ կրելը, պարտադիր է համապատասխան նյութերով տարածքի ախտահանումը և այլն: Արտաուսումնական խմբակներն ու երկարօրյա ծառայությունները գործելու են, դպրոցական սննդի կետերի աշխատանքը նույնպես կթույլատրվի:

Այս մասին այսօր՝ նախարարությունում  հրավիրված ասուլիսի ժամանակ, տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանում դեռևս փետրվար ամսին կատարված փոփոխություններով դասարանում աշակերտների թիվը 20-ից ավելի կարող է լինել: Նախկին խիստ սահմանափակումը, թե սովորողների թիվը չպետք է գերազանցի 20-ը, արդեն վերացված է, հետևաբար դպրոցները կարող են դասերը կազմակերպել ամենօրյա ռեժիմով` առկա ձևաչափով` դասարաններում աշակերտների ավելի մեծ թվի առկայությամբ: Դասարաններում 20-ից ավելի սովորողների թվով ուսումնական գործընթաց կազմակերպելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարության թույլտվությունը:

«Եթե դասարանում սովորողների թիվը 20-ից ավելի է, ապա մարզային դպրոցները կարող են դիմել համապատասխան մարզպետարան, Երևանի դեպքում` Երևանի քաղաքապետարան, իսկ ԿԳԳՄՍՆ ենթակայության դպրոցները` նախարարություն, և ԿԳՄՍ նախարարությունից ստանալով համապատասխան համաձայնություն՝ անցնել ամենօրյա ուսուցման: Հիմնական պայմանը համաճարակային կանոնների պահպանումն է, որն ապահովելու դեպքում դպրոցները կարող են հրաժարվել կիսված դասարաններով աշխատելու և օրումեջ դասի գնալու աշխատաոճից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ թույլտվություն տալուց առաջ դիտարկվում են դպրոցում արձանագրված վարակակիրների թիվը և համաճարակային կանոնների պահպանումը:

Զուգահեռաբար պահպանվում է նաև այն կարգավորումը, ըստ որի՝ դպրոցում վարակվածների թիվը 10 տոկոսից ավելի լինելու դեպքում անցում է կատարվում հեռավար ուսուցման` 14-օրյա ժամկետով:

«Այսինքն` դեռևս անցյալ տարվանից սահմանված համավարակային կանոնները հիմնականում պահպանվելու են` որոշակի փոփոխություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով` փոփոխություններից հիմնականը դպրոցական բուֆետների և ճաշարանների գործունեությանն է առնչվում: Հիշեցնելով, որ դրանք անցյալ տարի չեն գործել, փոխնախարարը հույս է հայտնել, որ մարզերի տարրական դասարանների աշակերտների համար այս տարի դպրոցական սննդի ծրագրի շրջանակում հնարավորություն կլինի տաք սնունդ ապահովել:

«Փորձելու ենք ողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացի առկա ռեժիմը պահպանել: Սակայն, պետք է նաև հասկանալ, որ առկա ուսուցման իրականացումը պայմանավորված է հասարակության վարքագծից. որքանով հետևողական լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման առումով, այնքանով էլ կկարողանանք պահպանել առկա ուսուցումը: Հաշվի առնելով Առողջապահության նախարարության ցուցումները` փորձում ենք անել առավելագույնը` ապահովելու համար անխափան կրթական գործընթացը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` բոլոր դպրոցներին, ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին հորդորելով հետևողական լինել համավարակի կանոնները պահպանելու գործում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ` քայլեր են ձեռնարկվում, որպեսզի միջազգային կառույցների աջակցությամբ դպրոցներն ապահովեն ախտահանիչ միջոցներով` հաշվի առնելով, որ դրանց ձեռքբերումն ուսումնական հաստատության բյուջեի համար լրացուցիչ ծանրություն է ենթադրում: Նա նաև հավելել է, որ դպրոցն է որոշում ուսումնական գործընթացը կազմակերպել հնգօրյա, թե վեցօրյա գրաֆիկով:

Ինչպես նշել սեպտեմբերի 1-ը

2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առաջին դասարան հաճախելու հայտ է ներկայացվել շուրջ 37 հազար երեխայի համար: Նրանց մուտքը դպրոց հանդիսավորությամբ ապահովելու, միաժամանակ համավարակի կանոնները պահպանելու նպատակով նախարարի տեղակալը դպրոցներին առաջարկում է առաջին դասարանցիներին մեկ օր շուտ հրավիրել դպրոց:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ անցյալ տարի նույնպես առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը կազմակերպվել է մնացած աշակերտներից մեկ օր առաջ` դպրոցներում հավելյալ կուտակումներից զերծ մնալու նկատառումով: Փոխնախարարը նաև հորդորում է` սահմանափակել երեխաներին ուղեկցողների թիվը:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունները ևս աշխատելու են` ըստ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանի: Փոխնախարարի տեղեկացմամբ` այժմ հաստատման փուլում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգը: Ըստ տարիքային խմբերի՝ սահմանված են խմբերում սաների ներգրավվածության առավելագույն թվերը, որոնց շրջանակում նախադպրոցական հաստատությունները կկատարեն ընդունելություն` տեղեր ունենալու պարագայում նաև հաշվի առնելով սահմանված սոցիալական առաջնահերթությունները: