Հայաստանի բանկերի միության պատվիրակության այցը Արցախի Հանրապետություն մեկնարկեց Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր այցով:

Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի բանկերի միության պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Պետական նախարարը պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու Հայաստանի բանկերի առաքելությունն՝ ընդգծելով, որ Արցախը հիմա, առավել քան երբևէ, ունի համայն հայության աջակցության կարիքը ոչ միայն խոսքով ու գործով, այլ նաև հաճախակի այցելություններով:

Ընդգծելով արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վերահաստատել է վերջինիս ընդլայնմանն ուղղված նոր նախաձեռնություններին ու ծրագրերին մասնակցելու պատրաստակամությունը։

«Բանկերը մշտապես իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերին, որոնք վերաբերում են տնտեսությանը և ֆինանսական ոլորտին: Անհրաժեշտ աջակցություն ցուցաբերվել է նաև այլ նախաձեռնությունների շրջանակում: Նոր ուսումնական տարվա նախաշեմին բանկերի կողմից որոշում կայացվեց աջակցություն
ցուցաբերել Արցախի դպրոցներին և նվիրաբերել համակարգչային տեխնիկա, այդպիսով նպաստելով ուսումնական գործընթացի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը: Հայ ազգի մտավոր ներուժը եղել է ու կմնա երկրի զարգացման հիմնական նախադրյալը։ Եվ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ստեղծել բոլոր հնարավոր պայմանները նոր սերնդի որակյալ և ժամանակակից
պահանջներին բավարարող կրթությունն ապահովելու համար։ Նոր սերունդը պետք է ստանա ապագայի կրթություն՝ գիտակցելով, որ նաև իրենից է կախված երկրի զարգացումն ու գլոբալ աշխարհի մաս դառնալը»,-նշել է Սեյրան Սարգսյանը՝ հավելելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ:

Պետական նախարարի հետ հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ դպրոցահասակ տարիքի երեխաների և մեծահասակների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ԱՀ պետական նախարարի հետ հանդիպման ավարտին, ՀԲՄ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև դպրոցների տնօրենների հետ: Ցուցաբերված աջակցության ծրագրով շուրջ 3900 աշակերտ ունեցող Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունիի և Մարտակերտի թվով 15 դպրոցներին նվիրաբերվել է 48 համակարգիչ, 11 բազմաֆունկցիոնալ սարք և 7 տպիչ: