ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ու պատասխանի ժամանակ իրավիճակը լարվեց։ ԱԺ նիստերի դահլիճ մտան անվտանգության աշխատակիցները։ Խորհրդարանում մթնոլորտը լարվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցից հետո, երբ վերջինս, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց.

«Այս անձնավորությունն իր հետ ԱԺ է բերել ախրանիկներ, որոնք երբեք չեն եղել»,-նշեց պատգամավորը, ում խոսքն ընդհատեցին իշխանական պատգամավորները։

Աննա Մկրտչյանն էլ դիմեց «ՔՊ»-ի պատգամավորներին. «Էդ կապիտուլյանտների կողմից ձայնն այդտեղ չի լինի»,-նշեց նա։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  նիստի ընթացքում պատգամավորին զրկեց խոսելու իրավունքից։ Միաժամանակ նկատողություն հայտարարեց նաև «ՔՊ» պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։

Խորհրդարանում պատգամավորների միջև իրավիճակն էլ ավելի լարվեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցի ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորը խնդրեց վարչապետին գնահատել իր թիմակիցների կողմից նիստերի դահլիճում հնչող ռեպլիկները։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանական պատգամավորներն իր կարծիքով բավական զուսպ են արձագանքում, ինչը հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց Աննա Մկրտչյանին լքել նիստերի դահլիճը։ Պատգամավորը չհեռացավ, և Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ՝ պատգամավորին դուրս հանելու նպատակով։