Գերմանիան բանակցություններ է վարում Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ «Թալիբան»-ի հետ՝ օգոստոսի 31-ից հետո քաղաքացիական անձանց տարհանման համար Քաբուլի օդանավակայանը բաց պահելու շուրջ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, փոխանցում է Reuters- ը:

Նրա խոսքով՝ Գերմանիան մի քանի օր է քննարկում է օգոստոսի 31-ից հետո օդանավակայանի աշխատանքի շարունակման տարբերակները: Նա հավելել է, որ G7-ի առաջնորդները կքննարկեն, թե ինչպես բարելավել տարհանվածների մուտքը Քաբուլի օդանավակայան:

Թուրքիան, որն ապահովում էր Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը, բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ՝ ԱՄՆ-ի դուրսբերումից հետո, որը պետք է ավարտվեր այս ամսվա վերջին, իր ներկայությունն այնտեղ շարունակելու համար: Սակայն թալիբներն անցած շաբաթ զավթեցին իշխանությունը Աֆղանստանում՝ քաոս առաջացնելով, հատկապես՝ Քաբուլի օդանավակայանում՝ ընդ որում, անհասկանալի թողնելով Թուրքիայի դերը:

«Մենք բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների, Թուրքիայի եւ այլ գործընկերների հետ՝ մարդկանց տարհանումն ապահովելու համար (օգոստոսի 31-ից հետո) Քաբուլի օդանավակայանում քաղաքացիական օպերացիան դյուրացնելու նպատակով»,- Մաասին մեջբերում է Reuters-ը: «Մենք նաեւ ստիպված կլինենք շարունակել բանակցությունները Թալիբանի հետ այս հարցի շուրջ, եւ մենք հենց դա էլ անում ենք»:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան նախազգուշական միջոցներ է ձեռնարկել եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է տարհանել իր զինվորական անձնակազմին:
Նաեւ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում մանդատի տրամադրման համար, եթե թուրք զինվորականները մնան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: