Աֆղանստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշարները միայն մեկ շաբաթ կբավարարեն այն բանից հետո, երբ դրսից բժշկական սարքավորումների մատակարարումները արգելափակվել են Քաբուլի օդանավակայանի սահմանափակումների պատճառով: Այս մասին հայտարարել է ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Ահմեդ Ալ-Մանդհարին, փոխանցում է Reuters-ը:

ԱՀԿ-ն նաեւ մտահոգված է Աֆղանստանում առկա ցնցումներով, որոնք կարող են հանգեցնել COVID-19-ի վարակների աճի։ Վերջին շաբաթվա ընթացքում թեստերի թիվը նվազել է 77%-ով, պատվաստումների թիվը նույնպես նվազել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել են, որ Աֆղանստանում առողջապահական հաստատությունների 95%-ը շարունակում է գործել, սակայն որոշ կին աշխատակիցներ չեն վերադարձել իրենց աշխատավայրեր, իսկ որոշ կին պացիենտներ այժմ վախենում են լքել իրենց տները:

«Մենք արագորեն բաշխեցինք առաջին անհրաժեշտության ապրանքները Քաբուլի, Քանդահարի եւ Կունդուզի առողջապահական հաստատություններին եւ գործընկերներին, սակայն ԱՀԿ-ն ներկայումս երկրում ունի միայն մեկ շաբաթվա պաշարներ: Երեկ այդ իրերի 70%-ը հանձնվել է բժշկական հաստատություններին»,- ասել է Ալ-Մանդհարին:

ԱՀԿ-ն հայտնել է, որ Դուբայից ավելի քան 500 տոննա բժշկական պարագաների, ներառյալ վիրաբուժական սարքավորումների եւ ծանր թերսնուցման բուժման համար նախատեսված փաթեթների մատակարարումը դադարեցվել է Քաբուլի օդանավակայանում սահմանափակումների պատճառով:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների գծով տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանի խոսքով, ԱՀԿ-ն ոգեշնչված էր բեռնափոխադրման թռիչքներ առաջարկող երկրների արձագանքներից եւ այս շաբաթ առաջընթացի հույս ունի: «Մենք պահպանում ենք զգուշավոր լավատեսությունն այն բանի հանդեպ, որ առաջիկա շաբաթների ընթացքում կկարողանանք ընդլայնել մեր գործողությունների մասշտաբները»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 18 միլիոն մարդ՝ Աֆղանստանի բնակչության կեսից ավելին գոյատեւելու համար մարդասիրական օգնության կարիք ունի: «Այդ կարիքներն օրեցօր աճում են»,- հավելել է Մանդհարին: