Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածությունը հեռու է նրանից, ինչ եղել է Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ն միջուկային պատերազմի եզրին էին, ասել է Լավրովը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի հունգարական Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում:

«Չեմ կարծում, որ այդպիսի պատմական զուգահեռները տեղին են: Աշխարհի ռազմաքաղաքական իրավիճակն այսօր նմանություններ եւ մեծ, հիմնարար տարբերություններ ունի սառը պատերազմի ժամանակաշրջանից: Այսպես թե այնպես, մենք այժմ հեռու ենք սովետա-ամերիկյան առճակատման ամենացածր կետից` ի դեմս 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամի, երբ մենք բառացիորեն միջուկային պատերազմի եզրին էինք»,- ասել է նա:
Այդուհանդերձ, ըստ Լավրովի, չի կարելի անտեսել աշխարհի հիմնական խաղացողների հակասությունները, «որոնք, ցավոք, շարունակում են խորանալ»:

«Պատճառներից մեկը Ռուսաստանի եւ Չինաստանի զարգացման կասեցմանն ուղղված Վաշինգտոնի քաղաքականությունն էր: Այդ քաղաքականության մյուս մասը` զենքի վերահսկման ոլորտում համաձայնությունների համակարգի միակողմանի կազմաքանդումը, ԱՄՆ ռազմական կարողությունների կուտակումը եվրոպական եւ խաղաղօվկիանոսյան ռազմական գործողությունների թատերաբեմում»,- պարզաբանել է նախարարը: Մոսկվան եւ Վաշինգտոնը պետք է համատեղ սկսեն համակարգային համագործակցության կազմակերպումը կիբերանվտանգության ոլորտում, ասել է Լավրովը:

«Ես հուսադրող կհամարեի նաեւ ռազմավարական կայունության ռուս-ամերիկյան երկխոսության շրջանակներում առաջին կողմնորոշիչ հանդիպումը, որը տեղի ունեցավ հուլիսի 28-ին Ժնեւում [Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների] ղեկավարների որոշմամբ,- ասաց նա:- Պետք է նաեւ համատեղ աշխատանք սկսվի կիբերանվտանգության ոլորտում` ուղղված համակարգային համագործակցության հաստատմանը ընդհանուր մարտահրավերներին արձագանքման գործում: Ռուսաստանի նախագահը հստակ նշել է, այդ թվում` հրապարակայնորեն, որ արդյունքը հնարավոր է բոլոր ոլորտներում, բայց միայն` բանակցությունների եւ երկու կողմերին ձեռնտու շահերի հավասարակշռության մշակման միջոցով»:

Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան պահպանում է իրատեսական տեսակետը եւ հասկանում է, որ «լարվածության նվազեցման ուղին շատ դժվար է»: «Ի տարբերություն սառը պատերազմի ժամանակաշրջանի, ամեն ինչ չէ, թեեւ` շատ բան, որ այս ոլորտում կախված է ռուս-ամերիկյան պայմանավորվածություններից: Այսօր միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակի վրա ազդող շատ ավելի շատ խաղացողներ եւ գործոններ կան»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, Ռուսաստանը կշարունակի նշանակալի ներդրում ունենալ գլոբալ կայունության պահպանման գործում` վարելով պատասխանատու, պրագմատիկ եւ կանխատեսելի արտաքին քաղաքականություն` ուղղված գլոբալ անվտանգության սպառնալիքների եւ մարտահրավերների չեզոքացմանը, ինչպես նաեւ բոլոր պետությունների խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: