Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվանից Սերժ Թանկյանին իր իսկ էջում գամում են անարգանքի սյանը՝ «Դու մենակ չես» ֆիլմը գովազդելու համար։

Այդ ֆիլմի նկատմամբ, որոշ հանգամանքների բերումով, անկողմնակալ լինել չեմ կարող։ Ավելին, որքանով որ տեղյակ եմ, ֆիլմում ներկայացված է նաև հակառակ մոտեցումը՝ այն մոտեցումը, որ «հեղափոխություն» կոչված ֆարսի պատճառով մենք ծանրագույն, անդառնալի կորուստներ ենք ունենալու։ Եվ ունեցանք… Ուստի ինքս պարտադիր դիտելու եմ ֆիլմը՝ որպես հայերի կոլեկտիվ ինքնասպանության ու ինքնահայրենազրկման վավերագիր։

Հարցն այստեղ այլ է։ Հարցն այն է, որ Սերժ Թանկյանը, ինքն իրեն արդարացնելով, հայտարարում է, որ «այն ժամանակ բոլորս էինք «հեղափոխության» կողմնակից։ Միայն օլիգարխներն էին դեմ»։

Այս բացառիկ ստոր ստով Սերժ Թանկյանը պարզապես փորձում է իր ձեռքերը լվալ արյունից, հայրենազրկումից ու ազգային աղետից։

Փաստն այն է, որ օրինակ ես ԵՐԲԵՔ չեմ աջակցել «հեղափոխությանը», բայց, արի ու տես, ոչ մի օլիգարխ էլ չեմ։ Ավելին, սկսած 19 թվից շուրջ 2 տասնյակ շատ պարկեշտ մարդիկ, ամենևին պարտավոր չլինելով, կապվել են ինձ հետ ու ներողություն խնդրել՝ ինձ 18-ին չլսելու ու այս ազգային աղետի մասնակիցը դառնալու համար։

Ուստի, Սե՛րժ Թանկյան, մեղավո՛ր ես։ Ու գամվելու ես անարգանքի սյանը այնքան ժամանակ, քանի դեռ չես ապաշխարհել։ Ու ընկերոջդ «համոզիչ» հաղթանակին չխաբնվես։ Պարզապես մարդիկ չհավատացին, որ ընդդիմությունը բավարար չափով անկեղծ է։

Ի դեպ, նույն «սյանը» կարժանանան նաև ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք կհամարձակվեն «սիլի-բիլիներ» անել ամիսներ առաջ «դավաճաններ» հայտարարված մարդկանց հետ։ Հուսով եմ, ընդդիմության շարքերում նման անձինք չեն գտնվի»։