Sputnik Արմենիա-ն գրում է․

«Վրեժն ու Քրիստինան շատ դժվարությունների միջով են անցել. Քրիստինան սիրելիի կողքին է եղել, երբ նա անճանաչելի էր, կոմայի մեջ։ Հիմա էլ միասին նոր փորձություն պիտի հաղթահարեն. գերմանացի բժիշկն ասել է` Վրեժի տեսողությունը հնարավոր է վերականգնել։

Վրեժի ու Քրիստինեի սերը հաղթել է մեր պարտված պատերազմին։ Նրանց սերը թևեր է տալիս դիմացինին ու համոզում` երբեմն նաև կարող ենք թռչել, եթե սիրելիի հետ ենք…

Վրեժը պատերազմի ժամանակ կորցրել է մեկ աչքը և մյուսի տեսողությունը։ Այժմ նրա աչքերն են դարձել օրերս իր կինը դարձած Քրիստինեի ձեռքերը. նրանք օգոստոսի 11-ին են ամուսնացել։

20-ամյա Վրեժ Բադալյանն արդեն իսկ 1 տարի ծառայել էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վրեժը Մատաղիսում էր ծառայում, և պատերազմը սկսվելուց 5 օր անց թշնամին գրավեց նրանց դիրքը։

«Սկզբում մտածեցինք` երևի Թալիշն են ուզում գրավել, ինչին թշնամին հասավ պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին։ Թալիշում երկու մոտ ընկերներս զոհվեցին։ Նրանց ամենադաժան ձևով էին սպանել, չէին կրակել։ Թալիշից մեր գնդից միայն կեսը վերադարձավ։ Մյուսները զոհվեցին, ու հասկացանք` ամեն ինչ լուրջ է, քանի որ թշնամին առաջ էր գալիս»,–պատմում է Վրեժը։

Պատերազմի օրերը հիշելն այնքան էլ Վրեժի սրտով չէ. խոսելիս նյարդայնանում է։ Քրիստինեն նկատում է ու շոյում ամուսնու մորուքը։

Կարճ դադարից հետո Վրեժը շարունակում է պատմել, որ հետո թշնամին Մատաղիսի համար է սկսել կռիվ տալ. հոկտեմբերի 2-ին թեժ մարտեր են ընթացել, որոնց ժամանակ էլ վիրավորվել է։ Առաջին անգամ ընկերոջ հետ խրամատում են եղել, երբ սկսել են հրթիռակոծել «Գրադ»–ից։ Վնասվել է Վրեժի ձեռքը, ոտքը, թոքը։ Սակայն տեսնելով, որ ընկերն ավելի շատ վնասվածքներ ունի (որովայնն է պատռվել)` իր ցավն ու թոքի վնասվածքի հետևանքով շնչառական անբավարարությունն անտեսել է և ընկերոջ կյանքն է փրկել` նրան սողեսող դիրքերից ներքև իջեցնելով։

Հետո ընկերները Վրեժին էլ զինվորական մեքենայի թափքին են դրել Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ԱԹՍ–ով հարվածել են մեքենային։

«Միայն հիշում եմ, որ օդ թռա, և վերջ, գիտակցությունս կորցրել եմ։ 22 օր կոմայի մեջ եմ եղել և արթնացել արդեն Երևանում` «Էրեբունի» հիվանդանոցում։ Արթնացա, բայց ոչինչ չէի տեսնում, մատս անգամ շարժել չէի կարող։ Ցավերին դիմանալու համար նորից արհեստական կոմայի մեջ գցեցին։ Օրեր անց կրկին արթնացա ու հասկացա` տեսողությունս կորցրել եմ»,–պատմում է Վրեժն ու, չնայած այն հանգամանքին, որ ծխել չի կարելի, քանի որ թոքը վնասված է, Քրիստինեին խնդրում է ծխախոտ տալ։

Վրեժը ծխում է, իսկ Քրիստինեն նրա գանգուրների հետ է խաղում։ Խնդիրների մասին շատ խոսել Վրեժը չի սիրում, և նրա մայրը` տիկին Լիլիթն է շարունակում պատմել։

Մայրն ասում է, որ երբ որդու հետ կապը կտրվել է, նրան սկսել են հիվանդանոցներով փնտրել. անճանաչելի դարձած Վրեժին Քրիստինան է ճանաչել ձեռքի վրայի խաչի տեսքով դաջվածքից։

«Շատ բան ենք տեսել այս ընթացքում` Վրեժի գլխի մի հատվածն են տիտանիտով հավաքել, ծնոտը վիրահատել, 3 անգամ աղիներն են վիրահատել։ Այս ընթացքում նա չէր քայլում, Մոսկվա տարանք. այնտեղ աղիները կրկին վիրահատեցին, բացի այդ, հրաշք եղավ` որդիս սկսեց քայլել։ Հիմա մեր միակ երազանքն է, որ Վրեժը տեսնի»,–ասում է տիկին Լիլիթը և հարսին նայում. Քրիստինան հուզվել է, սակայն չի ուզում, որ Վրեժը տեսնի։ Դուրս է գալիս սենյակից։

Վրեժն, իհարկե, զգում է. կարճ ժամանակ անց կանչում է Քրիստինային ու գլուխը հենում նրան, շոյում ձեռքը։ Ամենադժվար պահերին, ցավերի ամենածանր վայրկյաններին հենց սիրած աղջկա գոյությունն ու ներկայությունն է ուժ տվել Վրեժին։ Այժմ ընտանիքի միակ հույսը Գերմանիայում մի բժիշկ է, որն ասել է` հնարավոր է` վերականգնվի աչքի տեսողությունը, բայց մինչ այդ զննել է պետք։ Վրեժի գլխում բեկորներ կան. Հայաստանում ռիսկ չեն անում հետազոտել նրան, քանի որ հատուկ այդ հետազոտության համար նախատեսված սարք/նյութ չկա։ Գերմանիա մեկնելու համար 27 000 դոլար է պետք, որից 15 000-ը ընտանիքն ունի. ինչ–ինչ բաներ են վաճառել, նվիրատվություն են տվել։

Սակայն մինչև Գերմանիա գնալը Վրեժն արդեն իսկ առաջին կարևոր քայլն է արել. Քրիստինայի հետ ընտանիք է կազմել։ Իսկ հարցին, թե ինչպես որոշեցին ամուսնանալ, Վրեժը պատասխանում է լայն ժպիտով. «Նախ` փախանք երկուսով»։

Իսկ փախել են, քանի որ Քրիստինայի ծնողները կարծում էին` դեռ շուտ է ամուսնության համար, քանի որ աղջիկը ծրագրավորում է սովորում, պետք է կրթությունն ավարտի։ Քրիստինան ասում է, որ չէր ուզում Վրեժին այս դժվար փուլում մենակ թողնել։ Եթե ստացվի Գերմանիա գնալ, անպայման հետն է լինելու։

Մի քանի օր «կորելուց» հետո զույգը տուն է վերադարձել, և որոշել են` օգոստոսի 11-ին պետք է հարսանիք անեն։ Այդ ընթացքում հաշտվել են նաև աղջկա ծնողների հետ։ Ի դեպ, հարսանիքին մասնակցելու համար ՀՀ է եկել Մոսկվայում բուժվող Վանը` տղան, որի կյանքը փրկել է Վրեժը։

«Ամեն ինչ շատ արագ եղավ` 3 օրում եմ հարսի զգեստ ընտրել։ Մտածում էի` կարևորը միասին լինենք, մնացածը մանրուքներ են։ Չնայած արագ կազմակերպեցինք, բայց հարսանիքը մեր ուզածով անցավ։ Միայն վերջում հրավառություն չարեցինք բնականաբար։ Այս ընթացքում ամեն ինչի հասանք, քանի որ Վրեժը շատ ուժեղ է, մնաց միայն մեկ բան` Վրեժի տեսողության խնդիրը»,–ասում է Քրիստինան ու փաթաթվում ամուսնուն։

Ի դեպ, Վրեժն ու Քրիստինան ծանոթ են դեռ դպրոցական տարիներից. նույն դասարանում են սովորել։ Մի քանի տարի Քրիստինան տանջել է Վրեժին` «չեմուչում» անելով, բայց 11-րդ դասարանից սկսել են ընկերություն անել։ Բանակ գնալուց առաջ Վրեժը սկսել է աշխատել և գումար հավաքել, բանակի քեֆի օրը Քրիստինային մատանի է նվիրել։ Իհարկե, մատանու գոյության մասին միայն երկուսով են իմացել։ Բանակում գտնվելու ամբողջ ընթացքում կապը պահել են, իսկ Վրեժի վիրավորվելուց հետո ամեն օր միասին եղել։

Դժվար ու ոչ լուսավոր օրեր շատ են եղել։ Վրեժն ասում է` մտքում ժամերն էր հաշվում, թե երբ է Քրիստինան դասերն ավարտելու, որ 15 րոպեով իր մոտ` հիվանդանոց գա ու նոր տուն գնա։ Քրիստինան էլ նշում է` հոգու խորքում միշտ հավատացել է, որ Վրեժը ոտքի է կանգնելու, ապաքինվելու, անգամ այն օրերին, երբ Վրեժն անգիտակից պառկած էր գլխի, ծնոտի, ողնաշարի, որովայնի, աչքի լուրջ վնասվածքներով, երբ վիրակապերի մեջ կորել ու անճանաչելի էր դարձել, երբ հերթական վիրահատությունն էին անում, երբ անգամ բժիշկները չեն հավատացել, որ ամեն ինչ լավ կլինի։

«Դժվարությունները մեր հարաբերություններն ավելի ամուր են դարձրել։ Այդպես ամեն օր սկսում ես ավելի շատ գնահատել էն, ինչ ունես, էն, ինչ փողով կամ հարստությամբ ձեռք չես բերի։ Մեր սերը հաջորդ փորձությունն էլ կհաղթահարի»,–ասում է Քրիստինան ու ժպտում։ Վրեժի մայրը հուզվում է ու շշնջում. «Ամեն ինչ կտայի, որ որդիս հիմա իր հարսնացուի ժպիտը տեսներ»։

Իրավիճակը փրկում է Վրեժը։ Ասում է` ուզում է, որ ամենաքիչը 5 երեխա ունենան։ Քրիստինայի մի հոնքը բարձրանում է` հինգը կարծես շատ է, բայց չի ընդդիմանում։ Միայն հիշեցնում է, որ մինչ այդ հիմա Գերմանիա գնալու հարցերը պետք է կարգավորեն։ Վրեժը հոգոց է հանում ու անկեղծ նշում` իրենց գյուղից (Արարատի մարզ, Զանգակատուն) դուրս չի պատկերացնում, ուզում է բուժվել ու արագ հայրենիք` հարազատ գյուղ վերադառնալ։ «Այդպես էլ լինելու է»,–հավելում է Քրիստինան, որը գիտի` առջևում էլի դժվարություններ կան, բայց ժպիտով ու ինքնավստահ նշում է, թե իրենց սերն այնքան շատ է, որ դա էլ է կուլ տալու։
Վրեժենց տնից դուրս եմ գալիս ու Երևան վերադառնալու ճանապարհին լուռ եմ. 14 տարի Քրիստինեից մեծ լինելով` ինձ փոքր մարդ եմ զգում ու հասկանում` սիրո իսկական–չիսկականը չգիտեմ, բայց սերը Վրեժի ու Քրիստինեի հարաբերության տեսքն ունի։

Վրեժին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 091 50 11 53 հեռախոսահամարով (կտրամադրենք Վրեժի մոր անունով բացված հաշվեհամարն ու հեռախոսահամարը)։