«2020 թվականին՝ մեկուկես ամսվա ընթացքում, խաղաղ պայմաններում հայկական բանակում 13 զինծառայող էր մահացել, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ չի պատրաստվում պաշտոնից ազատման դիմում գրել: Ավելին՝ ԶՈւ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռևս 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։

Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»։

Մովսես Հակոբյանը նշել էր, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Այսքանով, սակայն, Արտակ Դավթյանի՝ բանակին հասցված վնասները չեն ավարտում: Նրա թեթև ձեքով վերացվեցին ՄՈԲ զորամասերը, և 44-օրյա պատերազմի ժամանակ պարզ դարձավ, թե ինչ ճակատագրական սխալ որոշում է եղել:

Բայց այս բոլոր խայտառակ ձախողումներից հետո ՀՀ քաղաքական իշխանությունը հասարակությանը ցույց տալու համար, թե պատժում է ձախողումներ թույլ տված Արտակ Դավթյանին, նրան ազատեց պաշտոնից ոչ թե անկարողության, այլ կորոնավարակի պայմաններում տղայի հարսանիքը բակում տոնելու համար: Նրան պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց կրկին նշանակեցին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Այսպիսով, պրոֆեսիոնալ զինվորականների գնահատմամբ՝ ամենաանպատրաստ գեներալ Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։

Մեկ շաբաթվա ընթացքում բանակում ունեցանք 6 զոհ՝ 3-ը՝ հակառակորդի կրակոցից, 3-ը՝ ներքին տարաձայնության հետևանքով, ինչի թիվ մեկ պատասխանատուն Արտակ Դավթյանն է, քանի որ պատերազմից անցել է 9,5 ամիս, և դեռ ոչ միայն սահմանը կահավորված չէ, այլև բանակում շարունակվում են արատավոր բարքերը: Ըստ նախնական վարկածի՝ պարտք ու պահանջի, միմյանց նսեմացնելու պատճառով 3 հոգու կրակելու դեպքը պետք է լուրջ հետևությունների հանգեցներ:

Արտակ Դավթյանը, սակայն, սեփական անգործությունը բարդում է զորամասի հրամանատարի վրա՝ կասեցնելով նրա լիազորությունները: Ինչպես դասականը կասեր, խոշոր ձկներին թողած՝ մանր ձկներով են զբաղվում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։