Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ օգոստոսի 21-ին, Վիեննայում հանդիպում ունեցավ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորների և նրանց ընտանիքների անդամների հետ, որոնք ս․թ․ ապրիլից Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի օրհնությամբ և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով իրենց բուժումն են ստանում Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող բարձրակարգ բժշկական հաստատություններում։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Վեհափառ Հայրապետը հայրական իր օրհնությունը բերեց քաջարի զինվորներին և նրանց ընտանիքներին, ծանոթացավ վերջիններիս բուժման և պրոթեզավորման ընթացքին։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացավ, որ ծանր վիրավորում ստացած զինվորներից երկուսը բարեհաջող վիրահատություններից, վերջույթների պրոթեզավորումից և վերականգնողական թերապիայից հետո արդեն վերադարձել են Հայաստան։

Վեհափառն իր խոսքում ընդգծեց, որ Մայր Աթոռ Ս․ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով մշտապես եղել և մնում է Հայոց բանակի, հայ զինվորի և նրանց ընտանիքների կողքին։ Հանդիպման ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց մեր բոլոր վիրավոր զինվորների համար՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում, ոգու ամրություն և Աստուծո օգնականություն։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը հայրական իր գնահատանքը բերեց Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանին և Ավստրիայի հայ համայնքի անդամներին հիշյալ ծրագիրը կյանքի կոչելու և վիրավոր զինվորների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար։

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև, որ հանդիպում է ունեցել Ավստրիայի Կարդինալ և Վիեննայի Արքեպիսկոպոս Քրիստոֆ Շյոնբոռնի հետ և նրան փոխանցել իր ջերմ շնորհակալությունը վիրավոր մեր զինվորների հանդեպ հայրական հոգածության և խնամքի համար։