Հայաստանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հարցով առաջին աշխատանքային հանդիպումը: Աշխատանքային խմբում ընդգրկված են եղել Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային ընկերություններ և կազմակերպություններ:

Կողմերը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի մշակած թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԿԵ) հայեցակարգի նախագիծը։ Դիտարկվել են Հայկական ԱԷԿ-ի ՇԺԿԵ հայեցակարգի նախագծում առաջարկվող միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաև Ռուսաստանի ВВЭР-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ընթացքում կիրառված մոտեցումները:

«Մեր ընդհանուր խնդիրը ռուսաստանցի մասնագետների հետ համատեղ՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության, հուսալիության և արդյունավետության առավելագույնս բարձրացումն է: Արդեն կատարվել են նախնական հաշվարկներ, ըստ որոնց ՝ կայանը կարող է լրացուցիչ շահագործվել 2026 թվականից հետո», – ասել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն: Ըստ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի՝ Ռոսատոմի ձեռնարկությունները կուտակել են ատոմակայանների շահագործման ժամկետը երկարացձգելու հսկայական փորձ, և դա օգտակար կլինի Հայկական ատոմակայանի կրկնակի երկարաձգման հայեցակարգի պատրաստման համար: «2019-ին Կոլայի ԱԷԿ-ում հաջողությամբ ավարտվեց էներգաբլոկների լայնածավալ արդիականացումը, ինչը հնարավորություն տվեց մեծացնել նրանց անվտանգության մակարդակը և երկարաձգել շահագործման ծամկետները մինչև 2033 և 2034 թվականները: Այժմ Կոլայի ատոմակայանը Մուրմանսկի շրջանում և Կարելիայում հուսալիորեն ապահովում է էլեկտրաէներգիայով սպառողների մեծ մասին», – ընդգծեց Եվգենի Սալկովը:
Հանդիպման արդյունքում աշխատանքային խմբի մասնակիցներն արդեն ծրագրել են հետագա քայլեր՝ կրկնակի երկարաձգման և Հայաստանում ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման հայեցակարգի վերամշակումը, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգության բարելավման աշխատանքների ցանկի որոշումը, Հայաստանում ԱԷԿ-ի կրկնակի երկարաձգման շրջանակներում ռադիոակտիվ թափոնների և ծախսված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ապահովումը և այլ կարևոր աշխատանքները: Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգի համաձայնեցման համատեղ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև 2021 թվականի վերջ: