Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող` վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների տնօրենների եւ ոլորտի պատասխանատուների հետ:

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճով պայմանավորված` մասնագետները քննարկել են COVID-19-ի նոր շտամների առանձնահատկությունները, վիրուսի տարածումը հնարավորինս կանխելու, բժշկական կենտրոններում նախատեսվող աշխատանքները, բուժման նոր մեդոթները մշակելու եւ կիրառելու մարտավարությունը:

Ներկայացնելով առկա վիճակագրությունը` ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռեւս վերահսկելի է, նաեւ անդրադարձել արտաքին եւ ներքին մարտահրավերներին` կապված համաշխարհային ցուցանիշների բարձրացման հետ, խոսել դեղորայքի եւ անհրաժեշտ այլ բժշկական պարագաների մատակարարման խնդիրների, վերապրոֆիլավորված կենտրոնների ծավալների ու կազմակերպչական աշխատանքների մասին:

Մասնագետները նշել են, որ տարածաշրջանում COVID-19-ի ահագնացող աճի միտում կա` ուղեկցված նոր շտամների ծանր ընթացքի եւ հիվանդության երիտասարդացման բարդություններով, ուստի պետք է պատրաստ լինել եւ այս ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնել` սպասվող առաջիկա ալիքին հնարավորինս դիմակայելու նպատակով:

«Արդեն իսկ խստացվում են հակահամաճարակային կանոնների կիրարկման պահանջները, դրա նկատմամբ վերահսկողությունը: Մենք պետք է աշխատենք առողջապահական համակարգում` առաջնային օղակում, շտապ բժշկական օգնության ծառայությունում, պետական եւ մասնավոր բուժհիմնարկներում այդ պահանջին խիստ հետեւողական լինելու ուղղությամբ:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իր հերթին հստակ հանձնարարականներ ունի փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու առնչությամբ, ինչը, թերեւս, կօգնի զսպելու վարակի տարածումը»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Ամփոփելով հանդիպումը` մասնագետներն անդրադարձել են պատվաստումային գործընթացին, ընդգծել դրա կարեւորությունը: Թեեւ պատվաստումների տեմպը մեծացել է, բայց բժիշկների գնահատմամբ` դեռեւս այն գոհացուցիչ չէ: Ուստի, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ էլ ավելի համակարգված ու արդյունավետ աշխատանք ծավալելու` կանխելով համավարակի ռիսկերի մեծացումը: