Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն օգոստոսի 16-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել օգոստոսի 6-ի իր որոշումը, որով Թումանյան համայնքում հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ էր նշանակել։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Մարգահովիտ համայնքում հոկտեմբերի 17–ի ընտրությունները  եւս չեղարկվել են։

Մարզպետն անփոփոխ է թողել միայն Ֆիոլետովո համայնքում նշանակված ընտրությունների որոշումը։ Այս համայնքում ընտրությունը տեղի կունենա  հոկտեմբերի 17–ին՝ մեծամասնական ընտրակարգով։

NEWS.am-ի հետ զրույցում մարզպետ Արամ Խաչատրյանն ասաց, որ իր որոշումներում փոփոխություններ կատարելը պայմանավորված է Թումանյան եւ Մարգահովիտ համայնքների խոշորացման հետ։

«Մարզպետարանը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ նախագիծ է մշակում, որը նախատեսում է որոշ բնակավայրերի խոշորացում։ Սա ենթադրում է, որ Թումանյան եւ Մարգահովիտ համայնքներն ունենալու են 4000 եւ ավելի ընտրական իրավունք ունեցող քաղաքացի, ինչը հնարավորություն կտա ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ խոշորացման գործընթացից հետո միայն այդ եւ այլ համայնքներում մինչեւ տարեվերջ ընտրություններ կնշանակվեն։

Թե որ բնակավայրերն են ընդգրկվելու Թումանյան եւ Մարգահովիտ համայնքների մեջ, մարզպետ Խաչատրյանը նախընտրեց այս փուլում անուններ չտալ՝ ընդգծելով, որ քննարկումները դեռ շարունակվում են։

Լոռու մարզկենտրոն Վանաձորում նույնպես 2021թ.-ին պետք է ընտրություններ անցկացվեն, քանի որ այստեղ վերջին ընտրությունները եղել էին 5 տարի առաջ՝ 2016թ.–ին։ Վանաձորում ընտրությունների օրվա նշանակման երկարաձգումը եւս պայմանավորված է խոշորացման գործընթացով։ Թե որ բնակավայրերը կմիանան Վանաձորին, մարզպետը չհստակեցրեց, սակայն, օրինակ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը լսել է Դարպաս եւ Շահումյան գյուղերի մասին։

2016–ին ՀՀԿ–ի ցուցակով Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած Մամիկոն Ասլանյանը այս անգամ եւս մասնակցելու է դրանց՝ կրկին  ավագանու ցուցակը գլխավորելու ակնկալիքով, բայց դեռ որոշում չունի՝ ՀՀԿ–ի՞ հետ է մասնակցելու ընտրապայքարին, թե ոչ։

«Ֆորմատը դեռ չեմ որոշել»,- ասաց Վանաձորի գործող քաղաքապետը՝ չհերքելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ ընտրությունների մասնակցության վերաբերյալ լուրերը։

«Քանի դեռ որոշում չկա ոչ մի բան ո՛չ հերքելու եմ, ո՛չ էլ՝ հաստատելու»,– ընդգծեց նա։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն, ըստ մարզպետ Արամ Խաչատրյանի, հստակ որոշում չունի ավագանու ցուցակների առաջին համարները գլխավորողների վերաբերյալ, սակայն չի բացառում, որ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ունեցող բնակավայրերում դրանք լինեն հենց ժ/պ–ները։

«Ժամանակավոր պաշտոնակատարի մասով չեմ բացառում, որ իրենք կլինեն թեկնածուները, բայց կուսակցություն որոշում այս պահին չկա»,- ասաց Խաչատրյանը։

Թումանյան համայնքը, որը դեռ 2016թ.–ին էր խոշորացվել, 2021թ.–ի փետրվարի 26–ից ղեկավարում է Տիգրան Մխիթարյանը, քանի որ նախկին ղեկավար Լեւոն Զավարյանի լիազորությունների ժամկետն ավարտվել էր։ Մխիթարյանը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է եւ համայնքի ավագանու նախկին անդամ։

Թումանյան համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին դեռ 2020թ.-ի հունիսի 12–ին։  Ստացվում է, որ համայնքը մեկ տարուց ավելի է՝ ավագանի չունի։  Այս համայնքի կազմում են Աթան, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Քարինջ, Մարց բնակավայրերը։ Ըստ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանի՝  Թումանյանին նոր խոշորացման պարագայում կմիանան նաեւ Դսեղն ու Չկալովը։

Այժմ Թումանյան համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 4000–ից պակաս է։  Նոր խոշորացումից հետո այն կունենա 4000–ից ավել ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներ, որի պարագայում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։

Տիգրան Մխիթարյանը Թումանյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու է,  բայց թե ինչ ձեւաչափով՝ չգիտի։

Մխիթարյանը թեեւ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ չէ, բայց այդ կուսակցության համակիրն է եւ միայն նրանց հետ ընտրապայքարին կմասնակցի։ Չի բացառում, որ առաջիկայում էլ կանդամակցի ՔՊ–ին։

«Իրավունք չունեմ չմասնակցել