Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ հոկտեմբերի 17-ին կկայանա Գյումրու ՏԻՄ ընտրությունները։

Կուսակցություններից կամ դաշինքներից որևէ մեկը դեռ պաշտոնապես չի հայտարարել ավագանու ցանկը գլխավորող իր թեկնածուի անուն-ազգանունը, անունները շրջանառվում են զուտ խոսակցությունների մակարդակով։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որի իշխանության օրոք Գյումրու մթնոլորտը էապես փոխվեց, կարելի է ասել հանդարտվեց, այն այլևս կրիմինալ քաղաքի համբավ չի կրում, ընդհակառակը հայտնի է որպես զբոսաշրջային գրավիչ քաղաք, բավականաչափ ներդրումներ կատարվեցին այստեղ, կարծես թե չի ուզում մասնակցել ՏԻՄ ընտրությունների։

Իշխանության հորդորները մեկ անգամ ևս քաղաքի ղեկը ստանձնելու, առայժմ ապարդյուն են, Սամվել Բալասանյանը համառում է։

Քաղաքապետն այս պահին արձակուրդում է, նրա հետ ընտրությունների թեմայով չի հաջողվել զրուցել։

Իշխող քաղաքական ուժը, մեր տեղեկություններով, քննարկում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։ Մարզպետը, որը իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում աչքի ընկավ  կառավարման հետաքրքիր ոճով, խնդիրներ լուծելու կարողությամբ, քաղաքապետի պաշտոնի համար լավագույն թեկնածուն է։

Իշխող քաղաքական ուժը իր որոշման մասին կհայտարարի շուտով։ Ընդդիմադիր քաղաքական ուժերից շրջանառվում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անունը, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Պատիվ ունեմ» դաշինքով։

Արդյո՞ք նա կառաջադրվի ՀՀԿ-ի ու «Հայրենք»-ի կազմավորած «Պատիվ ունեմ» դաշինքով, Մարտուն Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում, ասաց՝ դեռ հստակ պատասխան չունեմ ընտրություններում իմ մասնակցության մասին։ ՀՀԿ Գյումրիի շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող Նարեկ Միրզոյանից էլ հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ-ն կմասնակցի՞ ընտրություններին, և եթե մասնակցի, ի՞նչ ֆորմատով կգնա՝ առանձի՞ն, թե՞ Արթուր Վանեցյանի հետ կնքած դաշինքով։

«Այս պահին մեր մոտ քննարկումներ են տեղի ունենում, մոտ օրերս կունենանք որոշում։ Մի քանի տարբերակներ են քննարկվում, ձեր ասած երկու տարբերակն էլ քննարկվում է, հակված ենք մասնակցության, առաջիկայում կորոշենք՝ առանձին կմասնակցենք, թե դաշինքով։ Այսպես ասած՝ մասնակցության պաշտոնական որոշում էլ չունենք, բայց կուսակցականների հակվածությունը մասնակցության, կա։ Մասնակցելու ենք ոչ միայն Գյումրիում, այլ մյուս համայնքներում։ Իրականում առաջին համարի մասնակցության մասին խոսակցություն բացարձակապես չկա, որովհետև այս դեպքում թիմային մասնակցությունն ենք շատ կարևորում»,-ասաց Նարեկ Միրզոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով