Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան։

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։

ՏԿԵ նախարարը շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում, տուրբինային արտադրամասում, ծանոթացել է ՀԱԷԿ-ի հիմնական տեխնիկական հատկանիշներին եւ սարքավորումներին, եղել է էներգաբլոկի կառավարման վահանակում, որտեղ ծանոթացել է ՀԱԷԿ-ի կառավարման եւ անվտանգության ապահովման համակարգերին, հետեւել է անձնակազմի աշխատանքին։

ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասի մեքենասրահում նախարար Գնել Սանոսյանին մասնավորապես ներկայացվել են ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման եւ կայանի արդիականացման ծրագրի շրջանակներում պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021, 141 օր տեւողությամբ) աշխատանքների ընթացքը, հիմնանորոգվող եւ նորացվող համակարգերն ու սարքավորումները։

ՏԿԵ նախարարն այնուհետեւ հանդիպել է ՀԱԷԿ-ի ղեկավար աշխատակազմի հետ։ Կայանի աշխատակիցներին բարդ եւ պատասխանատու աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով՝ նախարար Սանոսյանը կարեւորել է ՀԱԷԿ-ում առկա լուրջ մասնագիտական ներուժն ու կարողությունները եւ համոզմունք է հայտնել, որ ատոմակայանի արդիականացման նպատակով կատարվող վերանորոգումների այս կարեւոր փուլում յուրաքանչյուր աշխատակից ջանք չի խնայի աշխատանքները պատշաճ իրականացնելու եւ նախատեսված ժամկետներում ավարտելու համար։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով նախարար Սանոսյանին կատարած այցի համար, վստահեցրել է, որ ատոմակայանի արհեստավարժ մասնագետները նախատեսված ժամանակին եւ արդյունավետ կիրականացնեն իրենց առջեւ դրված կարեւոր խնդիրները։ Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծել է նաեւ, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը, հանրապետության համար կարեւորագույն ռազմավարական հիմնարկ եւ տնտեսության քարշիչ ուժը լինելով, մեծ դեր ունի նաեւ Արմավիրի մարզի աշխատանքային զբաղվածության ապահովման առումով։

Այցի ավարտին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ընդգծելով ոլորտի ինստիտուցիոնալ հիշողության շարունակականության կարեւորությունը, ՀԱԷԿ-ի փորձառու մասնագետներին հորդորել է իրենց երկարամյա աշխատանքի արդյունքում կուտակած գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ գործընկերներին։ «Մեր երկիրը հետպատերազմյան այս փուլում բարդ իրականության մեջ է, եւ յուրաքանչյուրս մեր աշխատանքը վերանայելու, դրան նորովի վերաբերվելու կարիք ունենք՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ ենք աշխատում տվյալ պաշտոնում։ Անհրաժեշտ է տեսնել, թե էլ ինչ է պետք անել, որ մեր աշխատանքն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք, մեր պետության ու տնտեսության համար ավելի շատ օգտակար աշխատանք կատարենք, քանի որ յուրաքանչյուրիս ներդրած ջանքից է շատ բան կախված»,- հավելել է Գնել Սանոսյանը։