Հունաստանը կպաշտպանի իր սահմանները Աֆղանստանից միգրանտների անխտիր հոսքերից, հայտարարել է քաղաքացիների պաշտպանության հարցերով նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը հույն-թուրքական ցամաքային սահմանին տեղակայված ստորաբաժանում կատարած այցի ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Մեր սահմանները կմնան անվտանգ եւ անձեռնմխելի: Դա մեր որոշումն է եւ միեւնույն ժամանակ վարչապետի հրամանը, որն այսօր փոխանցում ենք Հունաստանի զինված ուժերի եւ ոստիկանության սպաներին, ինչպես նաեւ տեղի իշխանություններին` պաշտպանել մեր սահմանները: Մենք թույլ չենք տա չարտոնված եւ անկանոն գործողություններ, թույլ չենք տա սահմանները խախտելու որեւէ փորձ», — ասել է Խրիսոխոիդիսը:

«Մենք պաշտպանում ենք մարդկանց ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները, սակայն, միեւնույն ժամանակ, չենք կարող թույլ տալ, որ միգրացիոն հոսքերը վերածվեն [ճնշման] գործիքների», — ասել է նախարարը:

Նա խոսել է սահմանին մոտ 40 կմ երկարությամբ ցանկապատի շինարարության ավարտի մասին, որը հետ է պահելու միգրանտներին:

Հունաստանի իշխանությունները վստահեցնում են, որ թույլ չեն տա կրկնել 2015 թվականի միգրացիոն ճգնաժամը, ինչպես նաեւ անօրինական միգրանտների եւ փախստականների կողմից Հունաստանի սահմանը հատելու փորձերը, որոնք տեղ են գտել անցյալ տարի: