Օգոստոսի 20-ին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «Թալիբան» շարժումը (ճանաչված է ՌԴ-ում որպես ահաբեկչական) վերահսկում է գրեթե ամբողջ Աֆղանստանը, և պետք է ելնել այդ իրողություններից:

«Թալիբան շարժումն այսօր վերահսկում է երկրի գրեթե ամբողջ տարածքը, ներառյալ՝ մայրաքաղաքը: Սրանք իրողություններ են, և հենց այդ իրողություններից է պետք ելնել՝ աֆղանական պետության փլուզումը կանխելու համար»,- այս մասին, «Известия»-ի փոխանցմամբ,  ասել է նա:

Միևնույն ժամանակ, Պուտինը շեշտել է, որ անհրաժեշտ է «դադարեցնել դրսից այլոց արժեքները պարտադրելու անպատասխանատու քաղաքականությունը», այդ թվում՝ այլ երկրներում ժողովրդավարության կառուցման փորձերը՝ «ուրիշների նախշերով»:

«Նման սոցիալ-քաղաքական փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվել և միայն հանգեցրել են պետությունների կործանման, նրանց քաղաքական և սոցիալական համակարգերի դեգրադացիայի»,- ամփոփել է ՌԴ նախագահը:

Բացի այդ, Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ կարևոր է կանխել ահաբեկիչների մուտքը Աֆղանստանի հարակից երկրներ, այդ թվում ՝ փախստականների անվան տակ: