Ադրբեջանցի բարբարոսները շարունակում են մշակութային վանդալիզմը Արցախի օկուպացված տարածքներում՝ ավերելով ոչ միայն հայկական եկեղեցիները, խաչքարերը, Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրները, հայկական գերեզմանատները, այլև Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ կռված հայ մարշալների արձանները: Մասնավորապես, Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծննդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է war.karabakhrecords.info հարթակը, որը պատմում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին:

Կայքը նշում է, որ մարշալ Խանփերյանցի արձանը պղծելու փաստը հայտնի է դարձել 2021թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարներից:

«Նախքան պատերազմը արված արբանյակային լուսանկարներում երևում է և՛ մարշալի կիսանդրին, և՛ տուն-թանգարանի տարածքում գտնվող «ՄիԳ-17» կործանիչը: Սակայն արդեն պատերազմից ամիսներ անց արված լուսանկարներում նույն տարածքում բացակայում է Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, իսկ նրա «ՄԻԳ-17» կործանիչը մասամբ ջարդված է, կողքի դեն նետված», — նշում է կայքը:

Ավելի վաղ, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպես հայտնել էր, որ Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) հուշարձանը, իսկ Ազոխ գյուղում՝ Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի՝ գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի և ծովակալ Հովհաննես Իսակովի  արձանները: