Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը կազմակերպում է երկրից ՌԴ քաղաքացիների դուրսբերումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ դեսպանատունը այս մասին հաղորդագրություն է «Թվիթեր»-ի միկրոբլոկում:

«Խնդրում ենք հնարավորության դեպքում մինչև օգոստոսի 22-ի օրվա ավարտը հայտնել Ռուսաստանի Դաշնություն մեկնելու ցանկության մասին [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով», — նշված է հաղորդագրության մեջ:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը: Ավելի ուշ, նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, նրա խոսքով,  որպեսզի կանխի արյունահեղությունը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս: