Երեկ, օգոստոսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի թիվ 11 շենքի բակում կրակոցներ են հնչել։  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքով Երևանի Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա Արամ Երեմյանը։ Վերջինս ստացել է «աջ սրունքի  բաց հրազենային վրավորում»։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, զրուցարանի մեջ հայտնաբերել են ատրճանակից կրակված 1 հատ գնդակ, արնանման հետքեր, պատռված և արյունոտված հագուստ։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են՝ ում հետ է վիճաբանել Ա․ Երեմյանը, ով նրա հասակակիցն է և Երևանի բնակիչ։