ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ պատրաստվում է ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Բայդենը հայտնել է ABC News-ին տված հարցազրույցում՝ կոչ անելով ամերիկացիներին հետևել իր օրինակին:

«Մենք պատրաստվում ենք բուստերային պատվաստանյութ ստանալ, քանի որ պատվաստվել ենք դեկտեմբերին: Այնպես որ դա անցյալում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նորմալ է համարում իրավիճակը, որ ամերիկացիները երրորդ դեղաչափը ստանան, մինչդեռ աշխարհում մեծաթիվ մարդիկ անգամ առաջին պատվաստումը չեն արել, Բայդենն ասել է. «Ամբողջովին, քանի որ մենք աշխարհին ավելի շատ պատվաստանյութեր ենք տրամադրում, քան մյուսները»:

ԱՄՆ ղեկավարը հավելել է, որ իր երկիրը մինչև 2022-ի կեսերը 500 մլն չափաբաժին պատվաստանյութ հատկացրած կլինի աշխարհի մյուս երկրներին: