Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ 19 այլ երկրներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով թալիբներին երաշխավորել երկրում կանանց եւ աղջիկների պաշտպանությունը:

«Մենք խորապես մտահոգված ենք աֆղանստանցի կանանց եւ աղջիկների վիճակով, կրթության, աշխատանքի եւ ազատ տեղաշարժի նրանց իրավունքներով»,- ասվում է հայտարարության մեջ: «Մենք պատրաստ ենք նրանց տրամադրել մարդասիրական օգնություն եւ աջակցություն, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի»:

«Աֆղանստանցի կանայք եւ աղջիկները, ինչպես նաեւ Աֆղանստանի ողջ ժողովուրդը, արժանի են ապահով եւ արժանապատիվ ապրելու: Խտրականության եւ չարաշահման բոլոր ձեւերը պետք է կանխվեն… Աշխարհը ուշադիր հետեւելու է, թե ինչպես է ցանկացած ապագա կառավարություն ապահովելու իրավունքներն ու ազատությունները, որոնք դարձել են Աֆղանստանում կանանց եւ աղջիկների կյանքի անբաժանելի մասը վերջին 20 տարիների ընթացքում:

Կիրակի օրը Քաբուլ ներխուժելուց եւ երկիրը զավթելուց հետո, թալիբները պնդում են, որ իրենք փոխվել են եւ չեն դնի նույն դաժան սահմանափակումները, որոնք կիրառել էին վերջին անգամ Աֆղանստանը ղեկավարելիս՝ գրեթե ոչնչացնելով կանանց իրավունքները: