Մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս։ Կառավարության ծրագիրը գործադիրում ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով իրենց թիրախն է նաև ապահովել 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ։ Նախատեսում են նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։

«Նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Սրանք բավականին լավ թիրախներ են, և մեզանից լրջագույն ջանքեր են պահանջվելու այս թիրախները պատշաճ ձևով իրագործելու համար։ Գործազրկության վերացման մեր ռազմավարության մեջ ուզում եմ ընդգծել հետևյալը՝ իհարկե ՀՀ-ում աշխատատեղեր ստեղծվել և ստեղծվում են, բայց մեզ համար առանձնահատուկ թիրախ է, որ կարողանանք առավելագույնս խթանել բարձր աշխատավարձային սեգմենտի աշխատատեղերը։ Այս առումով կարևոր ենք համարում պահպանել և արագացնել այն դինամիկան, որն ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Մինչև 2026 թվականը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նախատեսում ենք ունենալ շուրջ 35 հազար զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7 տոկոսը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 16 հազար աշխատատեղ կստեղծվի։