ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ. գործունեության ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում նշված է.

«Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը:

Արտաքին և  անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև  մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և  հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով պետական շահերով և  հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով:

Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և  ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն էլ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու հանգամանքը ևս կարևորություն է հաղորդում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և  խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև  տնտեսական և  քաղաքական ոլորտներում երկխոսությունը: Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի:

Կառավարությունը շարունակելու է ամրապնդել Ֆրանսիայի Հանրապետության հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները` ելնելով նաև  Ֆրանսիայի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կարգավիճակից։ Քաղաքական ոլորտում առկա գործակցությանը զուգահեռ հստակ քայլեր են իրականացվելու Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Կառավարությունը հատուկ կարևորություն է տալու  Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներում։

Հայաստանը շարունակելու է Եվրոպական Միության և  ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և  բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և  ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և  այլ պայմանագրերի վրա: Շարունակվելու է Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, ոլորտային առկա մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսությունը սկսելու ուղղությամբ։

Կառավարությունն իրականացնելու է  առաջիկա հինգ տարիների համար Արևելյան գործընկերության շրջանակում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 2,6 մլրդ. եվրո աջակցության ներքո նախատեսված ծրագրերը: Աջակցությունն ուղղվելու է Կառավարության և  ԵՄ-ի համատեղ սահմանած առաջնահերթ յոթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-Հարավ մայրուղու և  աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և  նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և  խելացի քաղաքի զարգացմանը, կրթության հասանելիությանը և  ջրամբարների ու աղբավայրերի կառուցմանը:

Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և  ռասսայական հողի վրա խտրականության և  անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից՝ էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:

Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապահովելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը: Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերակատարությունը` Կառավարությունը ձգտելու է ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ է՛լ ավելի զարգացնել։ Համագործակցության շրջանակներում ակտիվ քայլեր են իրականացվելու տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակներում: Այս առումով կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար: Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորմանը։

Կառավարությունն ապահովելու է Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը: Հայաստանի և Վրաստանի միջև  քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Երկու երկրների միջև  ավանդական փոխվստահության ամրապնդումը, շարունակական երկխոսությունը և  համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը: Կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։

Կառավարությունը նախաձեռնող է լինելու Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման և համագործակցային նոր հարաբերությունների կայացման ուղղությամբ: