Կառավարությունը նպաստելու է Մերձավոր և  Միջին Արևելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ներառյալ հակամարտության գոտիներում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովումը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ. գործունեության ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում:

Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և  խաղաղօվկիանոսյան պետությունների հետ:

ԵԱՏՄ շրջանակներում Կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջև  առևտրաշրջանառության ծավալների աճին և կոոպերացիաների զարգացմանը:

ՀԱՊԿ-ը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` Կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին: 2021 թվականի սեպտեմբերին ստանձնելով ՀԱՊԿ նախագահությունը՝ Հայաստանը փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակներում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը՝ ի նպաստ անդամ պետությունների և միջազգային անվտանգության:

Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և  կազմակերպությունում ընթացող գործընթացներին: Շարունակվելու է կարևորվել նաև ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ հիմնարար արժեքներին և բարձր է գնահատում կառույցի դերը խաղաղության, ժողովուրդների համագործակցության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բնագավառում: Հայաստանը շարունակելու է իր ակտիվ աշխատանքները կառույցի շրջանակներում՝ կարևորելով կառույցի դերը ինչպես տարածաշրջանային խնդիրների լուծման, այնպես էլ համաշխարհային / համընդհանուր մարտահրավերների ձևակերպման և  դրանց շուրջ աշխատանքների կազմակերպման տեսակետից:

Կառավարությունը հետամուտ է լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը:

Հայաստանը շարունակելու է ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ շրջանակներում ընթացող գործընթացներին՝ ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՀԿ-ն տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խնդիրների հասցեագրման կարևոր հարթակ է, և  որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և  համապարփակ կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Կարևորվելու են ԵԽ-ում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և նախաձեռնողական քաղաքականությունը, հատկապես միջազգային այն կառույցների շրջանակներում, որոնց անդամ է Հայաստանը, կամ որոնց հետ կան ձևավորված գործակցության ձևաչափեր։