Խորհրդարանում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքի սահմանափակումը չհիմնավորված և կամայական որոշում է՝ դրա համար համապատասխան առիթ չի եղել նախկինում, որը նրանց կանհանգստացներ և հիմք կհանդիսանար կարգավորել այդ խնդիրը: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

«Մինչ օրս չեմ տեսել հրապարակային հստակ ձևակերպում առ այն, թե որն է այն խնդիրը, որի դեմ իրենք փորձում են պայքարել: Այն հիմնավորումը, թե լրագրողները չպետք է պատգամավորների հետևից վազեն, կամայական կարծիք է, ոչ թե իրավական գնահատական: Այն, որ լրագրողը չպետք է վազի միջանցքներում, ցանկությունների մակարդակում արված հայտարարություն է, իրավական նման սահմանափակում միջազգային իրավակարգավորումներում չկա: Սա պարզապես նրանց ցանկությունն է առ այն, թե ինչպես կուզեին, որ լրագրողը աշխատեն: Ո՛չ, լրագրողի աշխատանքը չպետք է համապատասխանի նրանց ցանկություններին ու պատկերացումներին, լրագրողը քանի դեռ օրենքի շրջանակում է գործում, կարող է տեղեկատվություն ստանալ. միջանցքներում կվազի թե պատգամավորի հետևից կվազի՝ նրանց գործը չէ՛:

Ինչ վերաբերում է անվտանգության ապահովման հիմնավորմանը, ապա անվտանգության խստացում ասելով չէ միայն՝ պետք է կոնկրետ խնդիր առաջացած լինի, օրինակ, որ լրագրողների ներկայացությունն ԱԺ միջանցքներում անվտանգային խնդիրների է հանգեցրել, արդյո՞ք եղել է նման նախադեպ՝ ես չեմ հիշում: Անվտանգության խստացումը պետք է հստակ ձևակերպված հիմնավորում ունենա, թե որն է նման միջոցառումների պատճառը և այդ ինչ խնդիր է փորձ արվում չեզոքացնել : Մտել են մի տիրույթ, որտեղ չպետք է մտնեին, և դա հենց իրենց գլխին է կոտրվելու»,- նշեց Դոյդոյանը:

Նրա գնահատմամբ՝ լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելն իշխանության համար մեկ պատճառ ունի՝ իրենց ապահովագրել անցանկալի հարցերից:

«Հաշվի չեն նստում լրագրողական համայնքի կարծիքի, դիտողությունների ու դժգոհությունների հետ, իսկ դա մեկ բանի մասին է միայն խոսում՝ ինչ որոշել են, այդպես էլ կանեն: Երբեւէ չէր եղել, որ լրագրողական կառույցները մեկ շաբաթվա ընթացքում 3 անգամ հայտարարություն տարածեն, ուրեմն մտահոգությունները հիմնավոր են, չէ՞, կարող է՞ մենք անիմաստ ժամանակ ենք վատնում դա անելով: Երբեւէ այդ հայտարարություններին պաշտոնական արձագանք չի հետևել»,- նկատեց Դոյդոյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ ԶԼՄ աշխատանքի արհեստական խոչընդոտները բացասաբար են անդրադառնալու լրագրողների նյութերի որակի վրա և խթանելու են ապատեղեկատվության տարածումը:

«ԱԺ-ն ամեն ինչ արեց, որ լրագրողները վերջինի գործունեության հետ կապված հարցերում հիմնվեն այստեղից-այնտեղից լսած տեղեկությունների, խոսակցությունների վրա: Բազմիցս եմ ասել՝ եթե ուզում եք, որ ապատեղեկատվական հոսքերը նվազեն, պետք է հակառակ գործընթացն իրականացվի՝ բացեք տեղեկատվությունը, սեփական նախաձեռնությամբ ինքներդ տեղեկատվությունը մատչելի տարածեք հասարակության համար, բայց իրենք հակառակն են հենց անում: Այնպես որ, թող պատրաստ լինեն ապատեղեկատվության այն մեծ տարափին, որը հաջորդելու է նրանց այս որոշմանը, իսկ դա չի ուշանալու»,- նկատեց Դոյդոյանը: