Կանաչաչյա Մխիթար Գալեյանն  այսօր կդառնար 21 տարեկան։

Մխիթար Գալեյանի ժամկետային զինծառայություն անցնում էր Արցախի ծաղկուն շրջաններից մեկում՝ Հադրութում։ Այսօր էլ նրա մայրը ֆեյսբուքյան իր էջում երբեմնի ծաղկուն քաղաքի գրկում արված լուսանկարներ է հրապարակում, կարոտով հիշում օրերը, երբ գնում էին այնտեղ որդուն տեսակցելու։  Մխիթարի ծառայության ավարտին չորս ամիս էր մնացել, ծնողներն անհամբեր սպասում էին որդու վերադարձին, պլանավորում, թե  ինչպես են դիմավորելու, ինչպես են նշելու վերադարձը, ինչ է նվիրելու…

Մխիթարի հետ ընտանիքի անդամները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 30-ին։ Պատերազմը սկսելու հենց առաջին օրից ներգրավված է եղել թշնամու դեմ գործողություններում։  Հոկտեմբերի 1-ին «Կարախամբեյլի» կոչվող տեղամասում  հերթական հրթիռակոծության ժամանակ նա իր մարմնով փակեց ընկերոջը։

Աբիկը փրկվեց, Մխիթարը հերոսացավ…

Panorama.am-ը զրուցել է  Արցախի վերջին պատերազմում անմահացած հերոսի՝ Մխիթարի մոր՝ Աստղ Գալեյանի հետ։

«Մխիթարն իմ առաջնեկն է։  Ծնվեց լուսաբացին, ժամը 7։40-ին,  աչքերը մե՛ծ, ջի´նջ, ինչպես երկինքը»,-որդու հետ առաջին հանդիպման ու դրան հաջորդած տպավարության մասին պատմում է մայրը։

Մանուկ Մխիթարն անսպառ էներգիա ուներ, շատ շարժուն էր։

«Բարձրանում էր, նստում կահույքի վրա։  Անընդհատ ու ամենուր՝ տանը, թե բակում շարժման մեջ էր։  Անընդհատ միջամտում էր, խառնվում իմ գործերում, եթե տորթ էի թխում,  վերցնում էր հարիչն ու շարունակ խմորը հարում»,-հիշում է տիկին Աստղը։

Անսպառ էներգիան նվազեցնելու համար  4-5 տարեկանում Մխիթարին տանում են գիմնաստիկայի դասերի, բայց դրանից հետո, ինչպես մայրն է ասում, էներգիան կրկնապատկվել է։

«Դեռ մանկուց սիրում էր սպորտը, հիշում եմ, որ դռան ձայնն էի լսում, ապա տեսնում, որ վայրկյանների ընթացքում Մխիթարը հայտնվել է բակի մարզահրապարակում։ Հաճախում էր լողի, ըմբշամարտի, բռնցքամարտի։ Ի ծնե տղաս օժտված էր գերբնական ուժով»,-նշում է մայրը։

2018 թվականին Մխիթարը բարձր միավորներով ընդունվել էր  Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, սովորելու էր անվճար համակարգում։ Որոշել էր, որ մագիստրատուրայում ուսումը շարունակելու է որպես իրավագետ։ Դասերին կարողացավ մասնակցել ընդամենը չորս ամիս, զորակոչվեց 2019 թվականի հունվարի 17-ին։

«Դուք ինձ զրկել եք ոչ միայն որդուց, այլև հարսից, թոռներից»,-մի անգամ գրել էր տիկին Աստղը ֆեյսբուքյան իր էջում։

Մայրն կարոտով է հիշում Մխիթարի անցած ծնունդները, երբ տղայի համար պատրաստում էր նրա  սիրած մուլտհերոսների նկարներով տորթեր։

Այսօր Մխիթար Գալեյանի ծննդյան 21-րդ տարեդարձը կնշեն Եռաբլուր զինվորական պանթեոնում…

Աղբյուր` Panorama.am