Քանի մենք ունենք սրանց նման հարեւաններ, լարվածությունը միշտ էլ լինելու է։ Մեր խնդիրն է, որպեսզի ցանկացած ժամանակ ոչ միայն պատրաստ լինենք, այլեւ ճնշենք նրանց բոլոր մեթոդներով։  Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը։

«Սահմանին այն իրավիճակն է, ինչին դուք ականատեսն եք։ Սահմանում մեր Զինված ուժերի ամենօրյա ծառայողական մարտական գործունեության առօրյան է»,– ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ սահմանին լարված է, նախօրեին  երկու զոհ է հայկական բանակն ունեցել, ի՞նչ մանրամասներ կարող է սահմանային իրավիճակից հաղորդել, ԳՇ պետի տեղակալն ասել է, որ այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, մանրամասնելով, որ խոսքը Երասխի եւ Կութի ուղղությունների մասին է։

Հստակեցմանը, թե հակառակորդը փորձում է այդ ուղղություններում առաջանա՞լ, թե՞ լարվածություն է առաջացնում, Մակարյանը վստահեցրել է, որ միայն լարվածություն, առաջխաղացման փորձեր չկան։

Անդրանիկ Մակարյանը հրաժարվել է պատասխանել Տավուշում ռուս սահմանապահների տեղակայման գործընթացի վերաբերյալ հարցին, ընդգծելով, որ ինքն այդ տեղեկատվությանը չի տիրապետում։