Այսօր, օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի խումբը՝ բաժնի պետ Արամ Այվազյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մաքսիմ Սինդոյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Գրիգոր Հովհաննիսյանը։

Կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 30-35 տարեկան տղամարդու դի։ Դիակի կողքին էլ հայտնաբերվել է անձը հաստատող փաստաթուղթ, սակայն ոստիկանները պարզում են՝ արդյոք դա մահացածի՞նն է, թե՞ ոչ։

Կամրջի վրա ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, իսկ նման վարորդների պակաս չկա։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: