Թալիբների ժամանման օրերին Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել, քան եղել է նախագահ Աշրաֆ Ղանիի օրոք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Աֆղանստանում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը:

«Ես գնահատում եմ Քաբուլի նկատմամբ նրանց վերահսկողության առաջին օրը Տպավորությունները լավ են: Այժմ Քաբուլում իրավիճակն ավելի լավ է, քան Աշրաֆ Ղանիի օրոք:  Այսինքն ՝ ահաբեկիչ թալիբների օրոք ավելի լավ է, քան Ղանիի օրոք», — ասել է նա։

Ժիրնովը վստահ է, որ փոխըմբռնում կգտնի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ օգոստոսի 16-ին կայանալիք հանդիպմանը, որը նվիրված կլինի Քաբուլում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության հարցերին:  Նա թալիբների մոտեցումն անվանել է  դրական և գործնական։

«Ես պետք է նախ նրանց հետ լուծեմ դեսպանատան և իմ կոլեկտիվի անվտանգության հարցեր, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ես խոչընդոտներ չեմ տեսնում, որպեսզի մենք բոլոր մանրամասների վերաբերյալ փոխըմբռնում չգտնենք», — ասել է դեսպանը: