Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) օգոստոսի 16-ին հանդիսավորությամբ տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:

«Հայ-հնդկական պատմական կապերը խորը արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի ոլորտներում: Եվ այս միջոցառումը այդ հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է: Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»,-  արձանի բացման կապակցությամբ գործընկերներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն շնորհակալություն է հայտնել հնդիկ առաջնորդի արձանը Երևանում տեղադրելու որոշման համար: