Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում ճանաչելու նպատակով 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած զինծառայողների 6 հարազատների անունից դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Թումանյանը։

Փաստաբանը նշեց՝ զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատները կարծում են, որ  Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումն իրենց ազգային արժանապատվությունը նսեմացնող գործողություն է։

Կարեն Թումանյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ եւ 8-րդ հոդվածների խախտումների հիմքով են դիմել ՄԻԵԴ.

«Դիմել ենք ՄԻԵԴ ու ակնկալում ենք, որ եվրոպական բարձրագույն դատական ատյանը Ադրբեջանի կողմից խախտում կճանաչի «ավարի պուրակի» բացումը։ Եվ երբ դատարանը խախտում ճանաչեց, արդեն կայացրած դատական ակտից հետո կհասկանանք՝ ինչ անել։ Եվրոպական դատարանը «պուրակը» հանել-չհանելու հարց չի քննարկելու։ Անձնական կյանքի իրավունքի խախտման փաստն ինչո՞ւ ենք մատնանշել, քանի որ մեր վստահորդները կարծում են, որ «պուրակում», որի լուսանկարները ցուցադրվել են միջազգային առաջատար լրատվամիջոցներով, առանձնակի դաժանություն ներկայացնող տեսարաններ կան։ Այս դաժան տեսարանները հաշվի առնելով, եթե անձնական կյանքի իրավունքի խախտման փաստը հաստատվի, այդ ժամանակ կհասկանանք՝ ինչ կարող է լինել»։